Ֆրանսիայի վրա հույս դնելը վտանգավոր պատրանք է. Ռուսլան Պուխով

26 Փետրվարի 2024, 22:21

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարը։ Փորձագետի խոսքով, բացի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Twitter-ում երկու «թվիթից», Փարիզը ոչինչ չի կարող անել Հայաստանի համար։

«Ֆրանսիան չի կարող անվտանգության որևէ երաշխիք տրամադրել Հայաստանին։ Այն, որ Ֆրանսիան, պոչը քաշած, փախչում է Աֆրիկայից, որտեղ մնալու դարավոր ավանդույթներ ունի, վկայում է այն մասին, որ բացի Մակրոնի Twitter-ում երկու «թվիթի», Ֆրանսիան Հայաստանի համար ոչինչ անել չի կարող։ Եվ Ֆրանսիայի վրա հույս դնելը շատ վտանգավոր պատրանք է։

Մեծ հաշվով, այս աշխարհում միայն երկու ուժ կարող է օգնել Հայաստանին իր խնդիրների հարցում։ Մեկը կոչվում է Ռուսաստան, երկրորդը՝ Ամերիկա: Ամերիկան տեսականորեն գուցե կարող էր ավելի արդյունավետ օգնել Հայաստանին, բայց նա հեռու է և զբաղված է այլ գործերով։ Իսկ Ռուսաստանն այստեղ մոտ է, ուստի չափազանց հիմարություն է Ռուսաստանի հետ հակառակվել», — ասել է Պուխովը։

Փորձագետի խոսքով՝ սպառազինությունների գնումը ոչ թե վակուումի մեջ գտնվող գնդաձև ձի է, այլ ինչ-որ համալիր համակարգ:

«Ինչ վերաբերում է անմիջապես ֆրանսիական զենքերին, ապա դրանք, իհարկե, հետաքրքիր են: Բայց այստեղ երկու կետ կա: Նախ, այս զենքերը չափազանց թանկ են, դուք կարող եք գտնել շատ ավելի էժան, ավելի հետաքրքիր այլընտրանքներ: Երկրորդ կետն այն է, որ պետք է հասկանալ՝ ֆրանսիական զենքին տիրապետելու և դրանք մատակարարելու համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Ինչպես հայ ժամկետային զինծառայողների, այնպես էլ ռուս զինծառայողների որակը բավարար չէ այդ բարդ, օրինակ՝ հրետանային կամ հրթիռային համակարգերը յուրացնելու համար։

Բացի ֆրանսիական զենքերից, անհրաժեշտ կլինի ներմուծել նաև ֆրանսիական թիմեր։ Պետք է հասկանալ, որ սպառազինություն գնելը ոչ թե վակուումում գնդաձև ձի է, այլ ինչ-որ համալիր համակարգ ։ Եվ չի կարելի սպառազինություն գնելուն վերաբերվել որպես սուպերմարկետում տակդիրների կամ լոլիկի ընտրության», — նշել է Պուխովը։

Խոսելով ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ Ռուսաստանն, իհարկե, միշտ ցանկացել է տեսնել ՀԱՊԿ-ը որպես մի կառույց, որը առանցքային տեղ է զբաղեցնում հետխորհրդային տարածքում՝ Եվրասիայում, անվտանգության խնդիրների լուծման համար։

«Բայց քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Եվ եթե Ռուսաստանն այժմ գերլարվում է Արևմուտքում, ապա, ըստ երևույթին, բավարար ուժ չունի բոլոր ուղղություններով հզոր հանդես գալու համար»,- եզրափակել է Պուխովը։

Հիմա եթերում