Ֆրանսիայում ամեն տեղ այնպիսի տրամադրություն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհաջողի. Նժդեհ Քարաքավորյան

06 Մայիսի 2024, 22:52

Քաղաքականություն

Փաշինյանի խաղաղության ծրագիրը կեղծ է, ու դա բերելու է պետականության անկման։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդական կառույցի ղեկավար Նժդեհ Քարաքավորյանը։

«Ֆրանսիայում ամեն տեղ այնպիսի տրամադրություն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհանգեցնի քաղաքական հաջողության։ Մենք հավատում ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Գիտենք, որ զիջումները մեզ աստիճանաբար բերելու են քայքայման։ Փաշինյանի այդ խաղաղության ծրագիրը կեղծ է, ու դա բերելու է պետականության անկման։

Ֆրանսահայ համայնքը մայիսի 9-ին ու 12-ին տեղական եկեղեցիների դիմաց անցկացնելու է զորակցության ակցիա՝ իր աջակցությունը հայտնելու Տավուշից մինչև Երևան շարժվող երթին։ Հուսով ենք՝ Տավուշի մեր հայրենակիցները կհասկանան, որ մենք իրենց կողքին ենք ոչ թե միմիայն Ֆեյսբուքում։ Մենք ունենք ընկերներ, որոնք այս պահին այդ քայլարշավներին են մասնակցում»,- ասել է մեր զրուցակիցը։

Քարաքավորյանի խոսքով՝ իշխանությունները պարտադրում են մի իրավիճակ, ըստ որի՝ ծնկի կգանք թշնամու առաջ։

«Մեր ասելիքը շատ չի փոխվել 2020-ից ի վեր։ Այսօր իշխանությունները փորձում են հարցերը սահմանափակել միայն աշխարհաքաղաքական տեսանկյունից, իրականում հարցը պետական ուղեգծի, հայ ժողովրդի պատվի հարցն է։ Այսօր մեզ փորձում են պարտադրել մի իրավիճակ, որ մենք պիտի ծնկի գանք, ու թշնամին միշտ պիտի մեր սեղանից վերցնի այն, ինչը մերն է։ Մենք դրան ասում ենք՝ ոչ։

Սփյուռքը պիտի իր ներդրումն ունենա ներհայաստանյան հարցերում։ Սփյուռքը կազմում են այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատում են Հայ Դատի հանձնախմբում, զբաղվում են Հայոց ցեղասպանության, Արցախի ճանաչման խնդիրներով»,- եզրափակել է Նժդեհ Քարաքավորյանը։