Ֆրանսիայում Աթաթուրքի արձանը կարմիր գիծ է, պետք է կանխենք արձանի տեղադրումը. Նժդեհ Գարագավորյան

23 Հոկտեմբերի 2024, 21:29

Քաղաքականություն

ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միությունը սոցիալական հարթակներում ահազանգում է, որ ֆրանսիական Էպինե- սյուր-Սեն քաղաքում նախատեսվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի տեղադրումը:

Դաշնակցական միությունը դեմ է այդ նախաձեռնությանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Աթաթուրքի հուշարձանն արտացոլում է ո՛չ արդարությունը, ո՛չ պատմական ճշմարտությունը և ո՛չ էլ բռնաճնշումների և բռնության զոհերի նկատմամբ հարգանքը, այլ ամոթը:

Alpha News-ի հետ զրույցում «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը մանրամասներ է հաղորդել: Նրա խոսքով՝ Աթաթուրքի արձանի տեղադրումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին, Էպինե- սյուր-Սեն քաղաքում, որը Փարիզին շատ մոտ է գտնվում:

«Մենք ամեն բան անելու ենք, որ կանխենք Աթաթուրքի արձանի տեղադրումը: Իսկ եթե չկարողանանք կանխել, ապա շարունակելու ենք պայքարը ու եթե երբեմն պետք լինի խաղալ կարմիր գծերի վրա, ապա դա մեր մասնագիտությունն է ու մենք չենք թողնելու, որ այդ արձանը հանգիստ իր տեղը գտնի այդ քաղաքում:

Նրբությունն այն է, որ այդ արձանը ուզում են տեղադրել ոչ հանրային վայրում, փակ, անձնական, սեփական տարածքում, որը մեր գործը բավական դժվարեցնում է, բայց մենք ամեն բան անելու ենք, որպեսզի քաղաքապետարանի ներգրավածությունը Աթաթուքրի արձանի բացման հետ կապված զրոյանա»,- ասաց Նժդեհ Գարագավորյանը:

Դաշնակցական գործիչը հիմնավորեց նաև, թե ինչու են դեմ Աթաթուքրի արձանի տեղադրմանը:

«Թեկուզ Աթաթուրքն իշխանության է եկել 1915-ից հետո, այդուհանդերձ բոլորս գիտենք, որ նա ձևականորեն ջարդարար սերունդի, ցեղասպանության կազմակերպիչ սերունդի հետ ունեցել է արժեհամակարգային, Թուրքիայի պետականության ընկալման մեջ տարբերություններ, բայց նա այդ մարդկանցից ոչ մի կերպ չի տարբերվել իր հայատյացությամբ, իր բռնապետական մոլուցքով և արյան հանդեպ իր ծարավով:

Աթաթուրքը ոչ միայն ծածկել է ցեղասպանության փաստերը այն տարիներին, երբ ղեկավարել է Թուրքիան, այլև շարունակել է այդ քաղաքականությունը, ծածկել է այդ քաղաքականությունը: Նա մեր եղբայր ազգերին՝ քրդերին կամ էլ փոքրամասնություն կազմող քրիստոնյաներին ջարդել է:

Նա մշտապես ուզել է կառուցել մոնոէթնիկ պետություն, իսկ մյուս ազգերին այլ դասակարգերի բաժանել: Աթաթուրքը ոչ միայն ցեղասպանության մեղսակիցն է, այլև ցեղասպանությունը շարունակող հպարտ թուրք ղեկավարն է, որի հետ մենք ունենք խնդիր և այս ճակատում մենք նահանջ չենք ունենալու»,- ընդգծեց Նժդեհ Գարագավորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: