Ֆրանսիայում գործող «Սատար Արցախին» միությունը դատապարտում է ՀՀ վարչապետի հայտարարությունը

25 Մայիսի 2023, 09:40

Քաղաքականություն

Ֆրանսիայում գործող «Սատար Արցախին» միությունը դատապարտում է մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև ԼՂ-ն:

Միության վարչական խորհրդի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Թեև այս դիրքորոշումը պարուրված է հռետորական զգուշավորությամբ, այնուամենայնիվ այն հավասարազոր է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչմանը:

«Սատար Արցախին» միությունը հրապարակայնորեն դատապարտում է այս դիրքորոշումը, որը չի համապատասխանում ո՛չ հայ ժողովրդի մեծամասնության ձգտումներին, ո՛չ արցախցիների՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառույցների միջոցով կայացրած որոշումներին, ո՛չ էլ միջազգային իրավունքի դրույթներին։

Միությունը մասնավորապես ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների կողմից տրված մանդատ չունի՝ նրանց անունից հանդես գալու համար։

«Սատար Արցախին» միությունը որդեգրում է Արցախի Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությունը, ըստ որի «Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն, որն անտեսում է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրականացման փաստը, ինչպես նաև այդ հայտարարության վրա հիմնված ցանկացած փաստաթուղթ անընդունելի է և առ ոչինչ»:

Միությունը հիշեցնում է, որ Արցախն իր անկախությունը հռչակել է 1991 թվականին, և որ գաղութատիրական ժամանակներն ավարտվել են։ Միությունը շարունակելու է աջակցել Արցախի անկախ Հանրապետությանը, և կոչ է անում հայերին և Ֆրանսիայի բոլոր հայկական միություններին անել նույնը»։