Ֆրանսիայում կապիտալի բաշխման հարցում ևս մեծ դժգոհություն կա. Նժդեհ Գարագավորյան

11 Սեպտեմբերի 2025, 18:00

Քաղաքականություն

Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների շուրջ Alpha News-ը զրուցել է «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Նժդեհ Գարագավորյանի հետ:

«Կա մեծ դժգոհություն՝ կապված Ֆրանսիայում հարստությունների բաշխման հետ: Այսօր այն փոքր տոկոսը, որը համարվում է ամենից հարուստ դասակարգը, ունի Ֆրանսիայի ներքին աշխատվող գումարների մոտ 50%-ը»,- ասել է Գարագավորյանը:

Նրա խոսքով՝ Forbes-ի առաջնային դիրքերը գրավող ֆրանսիացիները խուսափում են հարկերը վճարելուց: «Այս մարդիկ տարբեր ձևերով՝ հաշվապահներով, օվշորներով և այլն, խուսափում են հարկերը վճարելուց»,- ասել է նա:

Գարագավորյանը նշել է, որ հենց դա է այսօրվա ցույցերի պատճառը: Ֆրանսիայի կառավարությունը, նրա խոսքով, առաջ է քաշում խիստ բյուջետային կրճատումներ՝ նպատակ ունենալով լուծել երկրի աճող պարտքը: «Այդպիսով պատճառաբանում են, որ պետք է մարդիկ ավելի շատ աշխատեն, կենսաթոշակային տարիքը պետք է բարձրացնեն և այլն»,- հավելել է նա: