Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը դեռ կշարունակվի. Ալեքսեյ Մուխին
10 Սեպտեմբերի 2025, 23:10
Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է նախօրեին Ֆրանսիայի կառավարության հրաժարականը և այդ քայլի հնարավոր հետևանքները։
«Ֆրանսիայի վարչապետի փոփոխությունն ավելի շատ ներքին հարց է, որպեսզի հանրությունը հանդարտվի: Դժվար է ենթադրել, որ Էմանուել Մակրոնը կառաջարկեր ինչ-որ նոր, անսպասելի տարբերակ վարչապետի հետ կապված։ Իսկ հիմա նա պետք է շատ բարդ աշխատանք տանի խորհրդարանի հետ այդ թեկնածությունը հաստատելու համար։ Կարծում եմ՝ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը կտևի ևս անորոշ ժամանակ»,- կարծում է փորձագետը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Ֆրանսիայի կառավարության փոփոխությունները չեն հանգեցնի արտաքին քաղաքականության փոփոխությունների։
«Կարծում եմ՝ դա ոչ մի կերպ չի անդրադառնա արտաքին քաղաքականության վրա։ Ֆրանսիան որոշակի դժվարություններ ունի արտաքին քաղաքական գործունեության ֆինանսավորման հետ կապված։ Նա դեռ չի լուծել դրանք։ Հարկ է հաշվի առնել, որ Ֆրանսիայի խնդիրների և տնտեսության համակարգային լուծում չի տրվում։ Դա բարդացնում է իրավիճակը, կառավարության շուրջ տիրող մթնոլորտը, բայց, միևնույն ժամանակ, Էմանուել Մակրոնը վստահ է, որ ճիշտ ճանապարհով է գնում և մտադիր չէ շեղվել դրանից»,-եզրափակել է Ալեքսեյ Մուխինը։