G7-ը մտահոգություն է հայտնել Արցախից հայերի բռնի տեղահանման վերաբերյալ

08 Նոյեմբերի 2023, 15:13

Քաղաքականություն

Մեծ յոթնյակի (G7) երկրները մտահոգված են Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է G7-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք մեծապես անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման մարդասիրական հետեւանքներով։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունել միջազգային ջանքերը՝ իրենց տները հարկադրված լքելու՝ մարդկանց հրատապ հումանիտար կարիքները բավարարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ G7-ն աջակցում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերին՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։