Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաևը
28 Նոյեմբերի 2025, 19:14
2025թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայանում է կողմերից մեկի տարածքում՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում:
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025թ. հունվարի 16-ի 11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ: