Գագարինում անցկացվել է ֆուտբոլային փառատոն
22 Հունիսի 2023, 10:20
Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին բնակավայրում «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի «Գագարին» նախագիծն արդեն երրորդ անգամ կազմակերպում է ամենամյա «Gagarin Project Cup 2023» ֆուտբոլային փառատոնը: Այս տարի այն հյուրընկալել էր նաեւ ազգային պարերի «Պարատոն»-ը, որը երգով եւ շուրջպարով միավորեց մրցող թիմերին եւ ներկաներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ֆուտբոլի սիրողական մրցաշարին մասնակցեցին Սեւան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Վարսեր, Զովաբեր, Ծաղկունք բնակավայրերի թիմերը, ինչպես նաեւ հրավիրյալ թիմեր Երեւանից, Սեւանից, Թեղուտից, Ոսկեվազից, Շնողից եւ Հրազդանից։ Մրցանակային տեղերը վիճարկեցին 8-16 տարիքային խմբերի 30 թիմեր: Մրցաշարը վարում էր սիրված հաղորդավար Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան), ներկա էին եւ մրցանակներ հանձնեցին «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, «Արարատ-Արմենիա» ակումբի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, «Արտեր» էկոլոգիապես մաքուր սննդի բրենդը, այլ հրավիրյալ հյուրեր ու գործընկերներ:
Մրցաշարին ազգային երաժշտության ու պարերի ռիթմ հաղորդեց «ԿԱՅԹ» կրթամշակութային հանգույցի եւ «Թագպար» նախագծի «Պարատոն»-ը՝ գյուղերի երիտասարդների մասնակցությամբ։ Սպորտային խաղերի ընդմիջումներին ներկաները մասնակցում էին նաեւ ազգագրական խաղերին` համադրելով մարզաձեւը ազգային ավանդույթի եւ արժեհամակարգի հետ:
Հաղթող թիմերն ու լավագույն ֆուտբոլիստներն ըստ տարիքային անվանակարգերի արժանացան գավաթների եւ խրախուսական մրցանակների: 9-11 տարեկանների խմբում հաղթեց Հրազդանի թիմը, 12-13 տարեկանների խմբում՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը, 14-15 տարեկանների խմբում՝ Սեւանի թիմը, մեծահասակների խմբում՝ Գագարինի թիմը։
9-11 տարեկանների խմբում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ «Մխիթար Սեբաստացի» թիմի խաղացող Գագիկ Խաչատրյանը, Լավագույն դարպասապահ ճանաչվեց հրազդանցի Վիգեն Բազեյանը, Լավագույն խաղացող՝ հրազդանցի Դավիթ Գեւորգյանը։ 12-13 տարեկանների խմբում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ դդմաշենցի Գոռ Յախանյանը, Լավագույն դարպասապահ ճանաչվեց Արթուր Սարյան, «Մխիթար Սեբաստացի» թիմի դարպասապահ Արթուր Սարյանը, Լավագույն խաղացող՝ նույն թիմի անդամ Արամ Խաչատրյանը։
14-15 տարեկանների խմբում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ շնողցի Դավիթ Ալիխանյանը, Լավագույն դարպասապահ ճանաչվեց սեւանցի Դավիթ Հակոբյանը, Լավագույն խաղացող՝ սեւանցի Ալբերտ Գրիգորյանը։
Մեծահասակների մրցաշարում Լավագույն դարպասապահ ճանաչվեց գագարինցի Ռոբերտ Այվազյանը, Լավագույն խաղացող՝ գագարինցի Հայկ Սարգսյանը։
«Այս կարեւոր մարզամշակութային իրադարձությունն իր շուրջն է համախմբել տարբեր համայնքների եւ բնակավայրերի երիտասարդներին, ֆուտբոլիստներին, ֆուտբոլասերներին` նպաստելով առողջ ապրելակերպի հանրայնացմանը, պատանիների եւ երիտասարդների շրջանում ֆուտբոլ մարզաձեւի նկատմամբ հետաքրքրության աճին»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից: