Գագիկ Գինոսյան․ Հայրենիքն ու պարը նրա կյանքի իմաստն էին

03 Օգոստոսի 2024, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Ախալցխայում (Վրաստան)։

1983 թվականներին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և գերազանցությամբ ավարտել այն 1990 թվականին։

1995-1996 թվականների ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։

Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակի կազմում։

Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Բերձորի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ Որպես կամավոր ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2020 թվականին Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններին։

Գագիկ Գինոսյանը երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարերի համույթներում, ապա դարձել «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի հիմնադիրն ու ղեկավարը։

Նա նաև ուսումնասիրել և պահպանել է հայկական ժողովրդական պարերը, փորձել է ավելին իմանալ հայկական ժողովրդական պարի մասին, ուստի շրջել է տարբեր գյուղերով՝ փնտրելով տարիքով մարդկանց, որոնք հաճույքով կիսվում էին իրենց գիտելիքներով։ Տեսանյութերի շնորհիվ նրան հաջողվել է վերականգնել 36 ավանդական պար, որոնց առաջին կատարողը եղել է «Կարին» համույթը։

Գագիկ Գինոսյանը մահացել է 2024 թվականի փետրվարի 6-ին։