Գալուստ Գյուլբենկյան․ Ազգային մեծ բարերարը

29 Մարտի 2025, 22:55

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 29-ը նավթային հայտնի մագնատ և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է։

Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869 թվականին Կոստանդնուպոլսում՝ հայ առևտրականի ընտանիքում։ 1887 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի համալսարանի Քինգս քոլեջը՝ նավթի ինժեներ մասնագիտությամբ և անմիջապես մեկնել Բաքու, որտեղ սկսել է ուսումնասիրել տեղի նավթային արդյունաբերությունը։

1892 թվականին նա հիմնադրել է իր նավթային ընկերությունը՝ հորից ստանալով 30,000 ֆունտ ստեռլինգ։ Համեստ մեկնարկը չի խանգարել Գյուլբենկյանին դառնալ նավթային արդյունաբերության ամենաազդեցիկ խաղացողներից մեկը։ Շուտով նա դառնում է թուրքական բանկի բաժնետոմսերի 30%-ի և «Թուրքական նավթային ընկերության» 15%-ի սեփականատերը։

Նրա ազդեցությունը Եվրոպայի ֆինանսական շրջանակներում և Մերձավոր Արևելքում համեմատելի էր Ռոտշիլդների հետ, և նավթի համաշխարհային գործարքներից ոչ մեկը տեղի չի ունեցել առանց նրա մասնակցության։

Գյուլբենկյանի հաջողությունը ստացվել է իր ռազմավարական կարողությունների շնորհիվ։ Նա դարձել է «Turkish Petroleum Company» ընկերության հիմնադիրներից մեկը և ձեռք բերել «Iraq Petroleum»-ի բաժնետոմսերի 5%-ը, որի համար ստացել է «Պարոն 5 տոկոս» մականունը՝ դառնալով մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Նրա անունը մտել է պատմության մեջ ոչ միայն որպես նավթային գործարքների վարպետ, այլ նաև որպես աշխարհի ամենամեծ արվեստի կոլեկցիոներ։ Նա նաև դարձել է Էրմիտաժի գլուխգործոցների առաջին գնորդը՝ 300 հազար ֆունտով ձեռք բերելով 51 ցուցանմուշ։

Գյուլբենկյանը հայտնի էր նաև իր բարեգործական գործունեությամբ։ Նրա միջոցներով կառուցվել է Լոնդոնի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին, իսկ 1929 թվականին՝ Երուսաղեմի հայկական պատրիարքության գրադարանը։ Նա 400,000 դոլար ներդրել է Էջմիածնի Մայր տաճարի վերականգնման մեջ և ակտիվորեն օգնում էր Երևան քաղաքի կառուցմանը։ 1930-ականներին գլխավորել է «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը»՝ կառուցելով հիվանդանոցներ Մերձավոր Արևելքի հայկական համայնքների համար։

1942 թվականի ապրիլին Իրանի ներկայացուցչի միջնորդությամբ Գյուլբենկյանը դիվանագիտական անձեռնմխելիություն է ստացել և մեկնել Լիսաբոն՝ նպատակ ունենալով մեկ շաբաթ հանգստանալ այնտեղ։ Բայց Գյուլբենկյանն իր կյանքի մնացած մասն անցկացրել է Պորտուգալիայում։

Գալուստ Գյուլբենկյանը մահացել է 1955 թվականի հուլիսի 20-ին՝ կյանքի ութսունյոթերորդ տարում։ Նա թաղված է Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Նրա մահից հետո ստեղծվել է Գյուլբենկյանի հիմնադրամը, որը շարունակում է կառավարել նրա նավթային ակտիվները։ Ըստ կտակի, հիմնադրամն աջակցում է հայագիտական և կրթական նախագծերին՝ ամեն տարի հատկացնելով ավելի քան 3 մլն դոլար այդ նպատակների համար։