Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

03 Հունիսի 2023, 11:30

Հայեր

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրությամբ իր խորը հիասթափությունն ու մերժումն է հատնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս ճանաչելուն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե ​​այդ հայտարարությունը գործադրության դրվի, լրջորեն կնսեմացվի Արցախի ժողովրդի անկախության բազմադարյան ձգտումը, ինքնորոշման իրավունքը և միջազգայնորեն միջնորդված խաղաղության գործընթացը։

Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ դիմակայել է դժվարություններին՝ ձգտելով պաշտպանել իր մշակութային ինքնությունը, պահպանել իր ժառանգությունը և պաշտպանել ապահով և բարօր հայրենիքի մեջ ապրելու իր իրավունքը։ Արցախահայության ազգային ինքնորոշման համար մղված պայքարը ճանաչված է բազմաթիվ միջազգային կառույցների կողմից և հաստատագրված միջազգային իրավունքի սկզբունքներով: Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն կարհամարհի Արցախի ժողովրդի կամքը, այլև կանտեսի նրանց հիմնարար իրավունքները։

Կանադան և միջազգային ընտանիքի մյուս անդամները չպետք է խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած  քաղաքականությունը և պետք է վերահաստատեն իրենց դիրքորոշումը Արցախի հակամարտությունը լուծելու ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նշված է Հելսինկյան սկզբունքների մեջ։

«Կանադայի Հայ Դատի հանձնախումբը ամուր կանգնած է Արցախահայության և նրա ինքնորոշման արդար ձգտումների կողքին։ Մենք վերահաստատում ենք Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը և կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայելու իր դիրքորոշումը։ Մենք կոչ ենք անում նաև Կանադային և միջազգային հասարակությանը՝ դատապարտելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունը և սատար կանգնելու արդարության, ինքնորոշման և մարդու իրավունքները հարգելու սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման գործընթացին», նշված է հաղորդագրության մեջ:

Հիմա եթերում