Գանձայում 56-րդ անգամ նշվել է «Տերյանական պոեզիա»-ի օրը
24 Հուլիսի 2023, 18:03
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հանդիսավորությամբ 56-րդ անգամ նշվել է «Տերյանական պոեզիայի» օրը։
Հայ մեծ քնարերգու, բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված տոնը նշելու եկել էին ոչ միայն Նինոծմինդայից և Ախալքալաքից, այլ նաև Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի այլ քաղաքներից:
Jnews.am-ի փոխանցմամբ՝ մինչ համերգային մասի մեկնարկը, հյուրերն այցելել են հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։ Այնուհետև Սուրբ պատարագ է մատուցվել Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում, որից հետո էլ սկսվել է համերգային մասը:
«Ավանդական օր է սա: Պոեզիայի օրն է, և հիմնական շեշտը դրվում է Տերյանի ստեղծագործությունների վրա, որոնք արտասանվում են, որոնք երգվում են, որոնք թարգմանված են տարբեր լեզուներով: Այս բեմում հնչում են այդ ստեղծագործությունները:
Ունենք բազմաթիվ հյուրեր ինչպես մեր երկրից, այնպես էլ Հայաստանից: Մինչև երեկո կշարունակվի միջոցառումը»,- ասել է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը: