Գարեգին Բ-ի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա փակման հանդիսությունը

30 Հունիսի 2023, 20:00

Կրթություն | Հայեր

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի` 2022-2023 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Տերունական աղոթքից հետո հնչել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Ներկաներին ողջունել է Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը, անդրադառնալով ճեմարանի անցնող ուսումնական տարվան, ընդգծել է, որ ճեմարանն աղոթել է, որ Փրկիչն իր ամենախնամ աջի ներքո պահի Հայոց եկեղեցին և հավատավոր հայ ժողովրդի զավակներին, հեռու ամեն չարից ու փորձություններից։ Իր խոսքում տեսուչ Հայր Սուրբը բարի և օրհնյալ ծառայություն է մաղթել ճեմարանի շրջանավարտ սարկավագներին:

Միջոցառման ավարտին Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնել է Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև հանուն ճեմարանի տեսչության՝ շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռի միաբանությանը, ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի ու ճեմարանի հանդեպ ցուցաբերած պատասխանատու և գիտակից վերաբերմունքի համար։

Հանդիսության ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ գնդերեց և արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանի անվան մրցանակաբաշխություն։

Դրամական խրախույսների են արժանացել ճեմարանականներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի ուսանողներին հանձնվել են պարգևներ:

Շրջանավարտ սարկավագներին Սրբազան Հայրը հորդորել է հարատև զինվել գիտելիքներով, որպեսզի կարողանան երկնային կյանքը երկրի վրա հնարավոր դարձնել և պայքարել հանուն քրիստոնեական սուրբ հավատքի։