Գայանե Մարտիրոսյանը կշարունակի մնալ անազատության մեջ

05 Հունիսի 2023, 17:55

Առաջին հերթին | Կարծիք

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման մեջ մեղադրվող, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Նա կալանավորվեց 1 ամիս 15 օր ժամկետով:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր՝ հունիսի 5-ին, բեկանել էր Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով մեղադրյալ Գայանե Մարտիրոսյանի կալանքի որոշումը եւ փոխել էր նրա խափանման միջոցը տնային կալանքով:

Այսօր տեղի ունեցած նախնական դատական լսումներից հետո Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, որոշեց կրկին կալանավորել Գայանե Մարտիրոսյանին:

Գործով տուժող Աշոտ Փաշինյանը նիստին հայտարարել էր, թե տնային կալանքը կարող է մեղմ համարվել: Մինչ դատական նիստն էլ լրագրողների հետ զրույցում Աշոտ Փաշինյանը պատմել էր, որ ինքն իր կամքով է նստել Գայանե Մարտիրոսյանի մեքենան, համաձայնել զրուցել նրա հետ, բայց իր կամքին հակառակ Գայանե Մարտիրոսյանը մեքենան վարել է «Եռաբլուրի» ուղղությամբ, այդ պատճառով էլ նա մեքենայից դուրս է նետել իրեն:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը մայիսի 17-ին տեղեկացրել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փորձել են առեւանգել Աշոտ Փաշինյանին:

Աշոտ Փաշինյանն իր առեւանգելու փորձի առթիվ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մարդուն առեւանգելու հատկանիշներով:

Լրատվամիջոցների հետ զրույցում զոհված զինվորների հարազատները պատմել էին, որ իրենք չեն առեւանգել Աշոտ Փաշինյանին, այլ միայն առաջարկել են նրան գնալ «Եռաբլուր»: Դեպքից քիչ անց ձերբակալվել էր չորս ծնող, ապա նրանցից երեքն ազատ էին արձակվել:

Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվել էր:

Հիմա եթերում