Գայանեն ու ամուսինը մտադիր են ծրագրերն իրագործել միայն Արցախում. «Տաք հաց»-ից են սկսել

21 Օգոստոսի 2023, 18:50

Հայեր

Արցախի մայրաքաղաքի հացի փռերից մեկը Շուշիից տեղահանված Մխիթարյանների ընտանիքինն է: Այս փռում օրական միջինը թխում են 1400-1500 հաց: Մարդիկ նախապես գրանցվում են «Տաք հաց»-ի համար: Յուրաքանչյուր ընտանիքի տրվում է 2-4 հաց: «Արցախթերթի» հետ զրույցում Գայանե Մխիթարյանն ասում է, որ ամեն ինչ անում են՝ մարդկանց կարողանան հացով բավարարել: «Տաք հաց»-ի փուռն արդեն իր մշտական հաճախորդներն ունի, բայց այսօր մայրաքաղաքի բոլոր ծայրերից են հասնում այստեղ՝ հատկապես հացի յուրահատուկ համի համար.

«Թեև աղի սակավություն կա, բայց մենք այնպես ենք բաշխում հումքի պարագաները, որ մեր թխած հացի համը չփոխվի, իսկ մեր հացը միշտ էլ մեծ պահանջարկ է ունեցել»,- ասում է Գայանեն:

Նրա օրն սկսում է ալյուրի ծավալի, հացի քանակի հաշվարկով, իսկ հետո օգնում բոլորին՝ ցանկացած գործում: Բանջարեղենի և այլ սննդի հերթերի համար ժամանակ չի մնում, երեխաների համար նոր հագուստեղեն ու գրենական պիտույք չի գնել.

«Խանութներում ոչ մի բան չկա, կբավարարվենք եղածով: Ամուսնուս հետ համակարգում եմ փռի հետ կապված բոլոր աշխատանքները, փոխարինում եմ նաև աշխատողներին: Միաժամանակ զբաղվում եմ երեխաների հետ, հետևում նրանց դասապատրաստմանը»,- նշում է Գայանեն ու պատմում, որ երկու աղջիկ ունի, Շուշիից 2016թ. են տեղահանվել.

«Իմ և ամուսնուս ցանկությունն էր Շուշիում ապրելը: Մայրաքաղաքում խանութ ունեինք, փակեցինք ու Շուշիում վերաբացեցինք: Ընդամենը 4 տարի բնակվեցինք այնտեղ, բայց շատ դժվար է առանց Շուշիի»,- ասում է արցախցի կինը:

Գայանեն հույս ունի, որ շուտով կբացվի Լաչինի միջանցքը: Ամուսնու հետ բազում ծրագրեր ունի, որ որոշել է իրագործել միայն Արցախում՝ իրենց հողում: