«Գազպրոմ-Արմենիա»-ն նախատեսում է 2024-2028թթ. շուրջ 150 մլրդ դրամի ներդրում կատարել Հայաստանում
20 Դեկտեմբերի 2023, 20:10
«Գազպրոմ Արմենիա»-ն խոստանում է 2024-2028 թվականներին Հայաստանում ներդնել 367 մլն դոլար՝ գազափոխադրման համակարգի ընդլայնման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման և նոր լրացուցիչ հզորությունների ստեղծման համար։
Այս ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանի կարգավորիչի կողմից։
Ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն 2024 թ-ին երկրում գազի սակագնի բարձրացում չի պահանջի։
Նա հիշեցրել է, որ «Գազպրոմ»-ի հետ լրացուցիչ պայմանագիր է կնքվել, որ գազի գինը կմնա նույնը (165 դոլար/1000 խմ)։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի օրը կայացած նիստում հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2024-2028 թվականների ներդրումային ծրագիրը։
Ըստ նախագծի՝ միջոցները կբաշխվեն մի շարք ոլորտներում.
- ավելի քան 56,6 մլրդ դրամ կծախսվի գազատրանսպորտային համակարգի ընդլայնման, վերականգնման և վերակառուցման վրա,
- ավելի քան 25,11 մլրդ դրամ՝ Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման, վերականգնման և վերակառուցման համար,
- ավելի քան 20 մլրդ դրամ՝ Երևանի գազատրանսպորտային համակարգի լրացուցիչ հզորություն ապահովելու համար,
- ավելի քան 3,93 մլրդ դրամ՝ նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումների համար,
- շուրջ 2,28 մլրդ դրամ՝ գազատրանսպորտային համակարգի այլ ոլորտներում ներդրումների համար,
- մոտ 40,73 մլրդ դրամ՝ գազաբաշխման համակարգի այլ ոլորտներում ներդրումների համար,
- մոտ 261,64 մլն դրամը նախորդ տարիներին իրականացված ներդրումներն են։