Գեներալ Նվեր Սաֆարյան. որբից մինչև պատերազմի հերոս

23 Հոկտեմբերի 2025, 22:00

Հայեր

Նվեր Գևորգի Սաֆարյանը ծնվել է 1907 թվականի հոկտեմբերի 23-ին Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Արճեշ քաղաքում։ Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է հորը: Երկու երեխաների հետ Էջմիածին տեղափոխված մայրը հիվանդությունից մահանում է 1918 թվականին, որից հետո Նվերին տեղափոխում են Օշականի որբանոց:

Կյանքի այս վաղ շրջանի փորձառությունը ձևավորել է նրա բնավորությունը՝ դիմացկուն, կարգապահ և ծառայությանը նվիրված:

1927 թվականին Նվեր Սաֆարյանն ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը, որից հետո նշանակվել է Կլիմենտ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի հրամանատար: 1940 թվականին ավարտել է Մ․Վ․Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ինչը կարևոր փուլ է դարձել նրա ռազմական կարիերայում ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ղեկավարել է 295-րդ հրաձգային դիվիզիան, ապա՝ լեգենդար 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան, որը բաղկացած էր հիմնականում հայ մարտիկներից։ Նրա ղեկավարությամբ դիվիզիան մասնակցել է առանցքային գործողությունների՝ Սևաստոպոլի պաշտպանությունից, Կովկասի ճակատամարտից մինչև Բեռլինի գրոհը։

Նա այն եզակի հայ գեներալներից էր, ով բարձր պարգևների էր արժանացել Ղրիմի, Դոնբասի, Լվովի և Պրահայի ազատագրմանը մասնակցելու համար։ : Իր վաստակի համար Սաֆարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում և պարգևատրվել է Կարմիր Դրոշի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև «Կովկասի պաշտպանության համար» և «Բեռլինի գրավման համար» մեդալներով: Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը, զբաղվել ռազմահայրենասիրական աշխատանքով և եղել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:

Նվեր Սաֆարյանը կյանքից հեռացել է 1982 թվականի սեպտեմբերի 28-ին Երևանում: Նրա անունով Երևանում փողոց է անվանակոչվել, դպրոցներ Երևանում և Արմավիր քաղաքում, ինչպես նաև հուշատախտակ է տեղադրվել այն տան պատին, որտեղ ապրել է ականավոր ռազմական գործիչը: Նրա անունը դարձել է հայկական ռազմական պատմության մի մաս և տոկունության, քաջության ու պատվի խորհրդանիշ:

Սաֆարյանը պարզապես գեներալ չէ։ Նա այն մարդն է, ով անցել է ցավի, պատերազմի ու հաղթանակի միջով՝ ապացուցելով, որ հայ զինվորն ունակ է պաշտպանվելու և հաղթելու։