Գեորգի Ֆարմանյանց․ Մեծ թատրոնի հպարտությունը

04 Նոյեմբերի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Բալետի արտիստ, բալետմայստեր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ֆարմանյանցը ծնվել է 1921թ. նոյեմբերի 4-ին Տվերի մարզի Բեժեցկ քաղաքում, հայ ընտանիքում: Նա ուներ ավագ քույր՝ Եվգենյան, որը նույնպես բալետի պարուհի էր և միասին կարողացել են նվաճել բալետի մեծ բեմը։

Ֆարմանյանցը քրոջ հետ լինելու համար ժամանակին մեկնել է Մոսկվա՝ ընդունվելու Մոսկվայի պարարվեստի ուսումնարան։ Գեորգին ընդամենը 17 տարեկան էր, երբ քրոջ հետ սկսել է դասախոսական գործունեություն ծավալել։ Գրեթե միաժամանակ նրանք ընդգրկվել են Մեծ թատրոնի թատերախմբում։

Գրեթե անմիջապես Ֆարմանյանցը դարձել է ամենանշանավոր պարողներից մեկը: Ֆարմանյանցի պարն աչքի է ընկել հստակությամբ, սլացիկությամբ, թռիչքի անսովոր բարձրությամբ։ Գեորգի Ֆարմանյանցի վիրտուոզ համարները հաճախ ընդգրկել են կառավարական տոնական համերգներում, դրանք պահպանվել են նաև Մեծ թատրոնի բալետային խմբի մասին ֆիլմ-համերգներում:

Քույր ու եղբայր հաճախ էին միասին պարում։ Գեորգի դերապարերից են՝ Մարդուկ-Ջարդուկը, Ծաղրածու (Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը», «Կարապի լիճը»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆիլիպ (Ասաֆևի «Փարիզի հուրը»), Օդապարիկներ վաճառող (Օրանսկու «Երեք հաստլիկներ») և այլն։ Նկարահանվել է նաև «Մեծ համերգ» (1951) կինոնկարում։

Մեծ թատրոնում նա պարել է մինչև 1962 թվականը։ Բեմական կարիերան ավարտելուց հետո նա իր կյանքի 20 տարիները նվիրել է մոսկովյան ռազմական օկրուգի երգի և պարի անսամբլներին՝ որպես բալետմայստեր և մանկավարժ:

Գեորգի Ֆարմանյանցը կյանքից հեռացել է 1995 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում: