Գեորգի Մովսեսյան. Խորհրդային էստրադայի հայկական սիրտը
02 Օգոստոսի 2025, 22:00
Գեորգի Մովսեսյան, անուն, որն ընդմիշտ գրված է խորհրդային և ռուսական էստրադայի ոսկե ֆոնդում: Մովսեսյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 2-ին Խարկովում, նա վաղ տարիքից հայտնվել է արվեստի մթնոլորտում. հայրը ֆիլհարմոնիայի արտիստ էր, իսկ ինքը՝ Գեորգին սկսել է ակորդեոն նվագել դեռ մանկուց։
Նա սովորել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, որտեղ կատարելագործել է ակորդեոնիստի հմտությունները: Բանակում ծառայությունն անցել է Մոսկվայի ռազմական օկրուգի երգի և պարի համույթում՝ շրջելով ԽՍՀՄ-ում և արտերկրում։ 1965 թվականին նա գրել է իր առաջին երգը՝ «Ճանապարհներ»-ը՝ սկիզբ դնելով կոմպոզիտորական հարուստ կարիերային։
Մովսեսյանը դարձել է բազմաթիվ հիթերի հեղինակ, որոնք կատարել են Խորհրդային բեմի աստղերը։ Նրա ամենահայտնի գործերից է «Мне доверена песня»-ն, որը կատարել է Իոսիֆ Կոբզոնը և դարձել 1977 թվականի «Տարվա երգ» մրցույթի օրհներգը։ Նա նաև ստեղծել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Береза»-ն, «Проводы любви»-ն, «Мои года»-ն, «Поговорим»-ը։ Նրա երաժշտությունը հնչել է նաև «Несокрушимая и легендарная», «Летопись БАМа», «Мужчины и все остальные» ֆիլմերում։
Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ կարևոր դեր են խաղացել բանաստեղծները, որոնց հետ նա համագործակցել է։ Նրանց թվում են Լև Օշանինը, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Միխայիլ Տանիչը, Իգոր Շաֆերանը, Անատոլի Պոպերեչնին, Պետրուս Բրովկան, Բորիս Վախնյուկը և Ալեքսանդր Զեմլյանսկին։ Նրանց բանաստեղծությունները հիմք են դարձել այն երգերի համար, որոնք հուզում էին միլիոնավոր ունկնդիրների սրտերը:
Արվեստում ունեցած ավանդի համար Գեորգի Մովսեսյանն արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի (1995 թ.) և Ռուսաստանի ժողովրդական արտիստի (2001 թ.) կոչումների: Ստացել է Լենինյան կոմերտմիության մրցանակ (1983 թ.) և պարգևատրվել Պատվո շքանշանով (2006 թ.):
Գեորգի Մովսեսյանը կյանքից հեռացել է 2011 թվականի նոյեմբերի 7-ին Մոսկվայում և թաղվել Տրոեկուրովյան գերեզմանատանը: Նրա երգերը շարունակում են հնչել՝ հիշեցնելով այն ժամանակը, երբ երաժշտությունը հոգու և սրտի ձայնն էր: