Գեորգի Սահակյան․ Ստալինին լավագույնը մարմնավորած դերասանը

27 Մարտի 2025, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 27-ը խորհրդային հայտնի դերասան Գեորգի Սահակյանի ծննդյան օրն է:

Գեորգի Սահակյանը ծնվել է 1926 թվականինն Բաքվում: Նա իր ստեղծագործական կարիերան սկսել է բավականին հասուն տարիքում։ Սահակյանը երկար տարիներ աշխատել է որպես ինժեներ-նախագծող «Օրգէներգոստրոյ» համամիութենական ինստիտուտի մասնաճյուղում, զբաղվել է գյուտարարությամբ, եղել է ծովի ջրի աղազերծման կայանի հեղինակներից մեկը։

Այնուամենայնիվ, կյանքը լի է անսպասելի շրջադարձերով: Դերասան դառնալուն նրան օգնել է Գրոզնիում պատահական հանդիպումը մի խումբ կինոգործիչների հետ, որոնք ֆիլմ էին նկարահանում Չեչեն-Ինգուշ Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մասին։ 1978-ին ամբողջ երկրում Ստալինի նման մարդ էին փնտրում «Թեհրան-43» ֆիլմի նկարահանումների համար։ Մի քանի ամիս անց Գեորգին լսումների հրավեր է ստանում և հաջողությամբ անցնում դրանք։ Սահակյանի դեբյուտն այնքան վառ էր, որ մյուս հայտնի ռեժիսորներն էլ էին սկսել նրան կանչել նկարահանման։

Նրա նմանությունը Իոսիֆ Ստալինի հետ ուշադրություն էր գրավում նույնիսկ ուսանողական տարիներին։ Եւ այսպիսով Սահակյանը դարձել է միակ դերասանը, որ Ստալինին մարմնավորել է առանց դիմահարդարման, կեղծամի և կեղծ բեղերի, և առաջին հայն է, որ այս կերպարով էկրան է բարձրացել։ Նա 36 ֆիլմում մարմնավորել է Ստալինի կերպարը՝ սահմանելով ռեկորդ, որը նույնիսկ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:

1990 թվականին հայկական ջարդերի ժամանակ Գեորգի Սահակյանը ստիպված է եղել Բաքվից փախչել Կրասնովոդսկ։ Հետագայում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ գլխավորել է «Նմանակների ակումբը»։

Գեորգի Սահակյանը կյանքից հեռացել է 2014 թվականի հուլիսի 4-ին՝ 88 տարեկանում: