Georgian Airways-ը չեղարկել է Երևանով Թբիլիսի-Մոսկվա թռիչքների իրականացումը

17 Մայիսի 2023, 16:50

Տնտեսություն և Բիզնես

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ չվերթների վերականգնման մասին հայտարարությունից հետո, չեղարկել է Թբիլիսի-Մոսկվա թռիչքները Երևանով տարանցիկ ճանապարհով։

«Այո, մենք մայիսի 20-ից հետո չեղարկել ենք բոլոր տարանցիկ չվերթները»,- չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաընկերությունից։

Ճշտող հարցին, թե արդյոք ուղևորներին կվերադարձվի գնված տոմսերի համար գումարը, թե՞ դրա փոխարեն ուղիղ չվերթի տոմս կտրամադրվի նույն ամսաթվերին, ավիաընկերությունից ասել են, որ դեռ որոշում չկա։ Նրանք նշել են, որ կոմերցիոն վարչությունը լուծում է Երևանով տարանցիկ թռիչքների համար «Էյր Դիլիջանս» հայկական ավիաընկերությունից գնված տոմսերի հարցը, և մինչև օրվա վերջ ուղևորները տեղեկատվություն կստանան։

Միաժամանակ Georgian Airways-ը վստահեցրել է, որ Երևանով նախատեսված չվերթները, որոնք նախատեսված էին մինչև մայիսի 20-ը, կիրականացվեն։