Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններին
15 Մարտի 2025, 15:14

Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
«Գերագույն հոգևոր խորհուրդը նաև լսեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերաբերյալ։ Անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններին, խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։
Հայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերների մասին զեկուցեց քաղաքական գիտությունների դոկտոր տիար Արթուր Խաչիկյանը՝ ընդգծելով ազգային շահերով առաջնորդվելու և տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու դիվանագիտական ջանքերի հրամայականը»,-ասված է հայտարարության մեջ: