Գերիների առկայության պայմաններում ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը. Հասմիկ Հարությունյան
19 Օգոստոսի 2024, 16:30
Պետությունն իր պարտականությունները չի կատարում Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու և անհայտ համարվող քաղաքացիներին գտնելու ուղղությամբ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ արցախյան պատերազմում գերեվարված և անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ բողոքի ակցիային մասնակցող Հասմիկ Հարությունյանը:
Տիկին Հասմիկը, որը Հրազդան քաղաքից է միացել բողոքի ակցիային, մեծ ակնկալիքներ չունի միջազգային կառույցներից, բայց անձայն մնալ էլ չի ցանկացել:
«Տանը նստելով ու ոչինչ չանելով դառնում ենք այդ անգործության մեղսակիցը: Ճիշտն ասած՝ միջազգային կառույցներից մեծ ակնկալիքներ չունեմ, հիշում ենք, թե ինչպես 9 ամիս շրջափակված մնաց Արցախը, հետո հայաթափվեց, ոչ մեկի պետքը չէր, բայց պարապ նստելով էլ չենք կարող: Այսօր ընկերներով եկել ենք աջակցելու իրենց հարազատներից տարիներով լուր չունեցող մարդկանց:
Մեր՝ որպես հայի պարտականությունն է գոնե այսպես մեր բողոքի ձայնը հայտնենք միջազգային կառույցներին: Իսկ իբր խաղաղության պայմանագիր կնքող պետության ղեկավարներին հազար ամոթ, ռազմագերիների ու պատանդների առկայության պայմաններում ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը: Մեր երեխաներն այսօր Բաքվի բանտերում լքված են, որբ, անտեր, ընկեցիք վիճակում, և մենք ուզում ենք այդ պարտականությունը վերցնել մեզ վրա, մեր խղճի հանգստության համար»,- նշում է տիկին Հասմիկը: