Գերմանիայի հայ համայնքը պայքարելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար. Սամվել Լուլուկյան
29 Ապրիլի 2025, 13:00
Գերմանիայում օրերս Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի հետ։
«Ապրիլի 24-ին Բեռլինի քաղաքային խորհրդարանի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել միջոցառում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքային խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Գերմանիայի կառավարության գիտության, կրթության նախարարը։ Նրանք ընդգծեցին Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը, ինչպես նաև խոսվեց կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեման ընդգրկելու կարևորության մասին։ Իսկ արդեն ապրիլի 26-ին ` Ֆրանկֆուրտում, բացման խոսքով ելույթ ունեցավ քաղաքապետը և կրկին շեշտեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը։ Այստեղ շուրջ 300 մարդ էր մասնակցում տուրին։ Ըստ իս՝ երկուսն էլ հաջողված միջոցառումներ էին՝ կարևոր ելույթներով։ Մեզ համար այստեղ՝ Սփյուռքում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը օրակարգային է և միշտ այսպես պայքարելու ենք դրա համար»,- նշել է Լուլուկյանը։
Վերջինիս խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի ռազմավարական տեսանկյունից։
«Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան առջև ևս ակցիա է տեղի ունեցել։ Պահանջվել է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ինչպես նաև քննադատվել է Նիկոլ Փաշինյանի ժխտողական քաղաքականությունը։
Ուղղակի ցավն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը այդպես էլ չհասկացավ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ռազմավարական կարևորություն ունի, և այսօր հարցականի տակ դնելով եղելությունը՝ վնասում է ողջ ժողովրդին»,- ընդգծել է Լուլուկյանը։
Նա նաև նշել է, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանը ոչ մի առնչություն չունի վերոնշյալ միջոցառումների հետ և չի մասնակցել դրանցից ոչ մեկին։