Գևորգ Չաուշ. Ազատության համար մինչև վերջ պայքարած լեգենդար ֆիդային
28 Փետրվարի 2025, 22:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Գևորգ Չաուշը (իսկական անունը՝ Գևորգ Ղազարյան) հայ ազգային ազատագրական շարժման ակտիվիստ է, հայդուկապետ է։
Չաուշը ծնվել է 1870 թվականին Սասունի լեռնային շրջանում՝ Բսանաց գավառի (Արևմտյան Հայաստան) Մկթենք գյուղում։ Գևորգի հայրը Սասունում հայտնի որսորդ էր։ Սովորել է Մուշի Սուրբ Առաքելոց վանքի դպրոցում, որտեղ ծանոթացել է Սասունի ֆիդայական ջոկատի առաջին ղեկավար Արաբոյի հետ։ Հայրը ուզում էր, որ որդին վանական դառնար, սակայն Գևորգը վանքից 4 տարվա արձակուրդ է վերցրել ու գնացել է Հալեպ՝ փող աշխատելու և զենք գնելու։
Իր նպատակին հասնելուց հետո Գևորգը ընդգրկվել է Արաբո պարտիզանական ջոկատում։ Կռիվներից մեկում սպանել է չաուշին (թուրք ոստիկան), ինչի համար էլ ստացել է այդ մականունը։ Երբ 1892 թվականին Արաբոյին ձերբակալում են, Գևորգը վրեժխնդիր է լինում և սպանում նրան հանձնած դավաճանին։ 1894 թվականին մասնակցել է Սասունի առաջին ինքնապաշտպանությանը, մասնավորապես՝ աչքի ընկնելով Տալվորիկ գյուղի մոտ տեղի ունեցած մարտերին։ Նա ձերբակալվել է և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ 1896 թվականին Գևորգին հաջողվում է փախչել Մուշի բանտից և գնալ Սասուն, որտեղ միացել է Աղբյուր Սերոբի ջոկատին (այդ ժամանակ Արաբոն սպանվել էր)։ Այդ ժամանակ Գևորգը դառնում է Դաշնակցություն կուսակցության անդամ։ 1899թ. նա Անդրանիկ Օզանյանի հետ հետևել և ոչնչացրել է Աղբյուր Սերոբի մահվան մեջ մեղավոր դավաճաններին:
1904 թվականի Սասունի երկրորդ ապստամբության ժամանակ Գևորգ Չաուշը ղեկավարել է պաշտպանության հարավային հատվածը։ 1904 — 1907 թվականներին եղել է Տարոն-Սասունի շրջանի հայկական ուժերի գլխավոր հրամանատար։
Գևորգ Չաուշը քրդերի և հայերի միջև օսմանյան իշխանությունների դեմ դաշինքի գաղափարի կողմնակիցն էր և սերտ կապեր էր պահպանում քուրդ առաջնորդների հետ։ Նա հաճախ էր հանդիպում նրանց հետ՝ համոզելով նրանց թողնել սուլթանի ծառայությունը և միավորվել հայերի հետ։
Թուրք զավթիչների դեմ մարտերում Գևորգը դրսևորել է հմտություն և խիզախություն, ինչի շնորհիվ հաճախ հաղթանակներ է տարել։ 1907 թվականի մայիսի 27-ին վիրավորվել է Սուլուխի ճակատամարտում։ Ընկերները նրան տարել ու թողել են Մուրատ (Արածանի) գետի ափին գտնվող կամրջի տակ, որտեղ նա ստացած վերքերից մահացել է հաջորդ առավոտյան՝ մայիսի 28-ին։ Գևորգ Չաուշին թաղել են Մուշում։