Գևորգ Մինասյանն ու Անժելա Սիմոնյանը գիրք են գրել Հաքան Ֆիդանի մասին

09 Ապրիլի 2025, 09:20

Հայեր

ՌԴ-ում գործող «Դիալոգ» մատենաշարի տասներորդ համարում հեղինակներ Գևորգ Մինասյանը և Անժելա Սիմոնյանն իրենց «Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գրքով ներկայացրել են թուրքական քաղաքականության ամենաառեղծվածային և ազդեցիկ դեմքերից մեկի՝ MIT ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար և Թուրքիայի գործող ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի խորը և համապարփակ դիմանկարը:

Գրքում ներկայացված է նրա կյանքը և մասնագիտական ուղին։ Որպես հավելված ներկայացված է Հաքան Ֆիդանի ատենախոսությունը՝ նվիրված Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետախուզական համակարգերի համեմատական վերլուծությանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պահեստազորի գնդապետ Գևորգ Մինասյանը, ով ունի անվտանգության և հակաահաբեկչական գործունեության բացառիկ փորձ, թուրքագետ և Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հետազոտող Անժելա Սիմոնյանի հետ ներկայացրել է հետաքրքիր վերլուծական նյութ՝ բացահայտելով Հաքան Ֆիդանի կենսագրության և մասնագիտական կարիերայի անհայտ մանրամասները:

Հեղինակներն իրենց առջև խնդիր են դրել բացահայտել Հաքան Ֆիդանի «անձի ծածկագիրը»՝ ուսումնասիրելով դրա ազդեցությունը դիվանագիտության, անվտանգության և միջազգային հարաբերությունների վրա:

«Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գրքի նախաբանը գրել է գնդապետ, անվտանգության մարմինների վետերան, գնդապետ Ալեքսանդր Պոլտավսկին։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ռուսական և հայկական գիտական, քաղաքագիտական և հասարակական շրջանակների մասնակցությամբ։