Գևորգ Մինասյանը՝ «Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գրքի մասին

18 Ապրիլի 2025, 12:40

Քաղաքականություն

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի գնդապետ Գևորգ Մինասյանը Alpha News-ի հետ զրույցում պատմել է իր նոր՝ ««Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գրքի մասին։ Հեղինակը գիրքը նվիրել է գնդապետ Կարեն Պարունակյանին, ով ծառայության ընթացքում զբաղվել է թուրքական հետախուզության հակազդեցությամբ։

Նա սկսել է հակահետախուզությունից, հետո անցել հետախուզության և ներկայումս համարվում է հայկական հատուկ ծառայությունների միակ գործող աշխատակիցը, որը բացահայտել է թուրք գործակալ Մուրադ Բոջոլյանին, ով աշխատել է առաջին նախագահի աշխատակազմում և ԱԳՆ-ում։ Հայկական հակահետախուզությունն այնքան պրոֆեսիոնալ է աշխատել այս գործում, որ դատավճռի օրինականությունը չեն կարողացել վիճարկել անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Գիրքը բազմաշերտ է։ Այնտեղ կարելի է տեսնել ԱԱԾ որոշ սպաների ողբերգությունը, որոնք ողջ կյանքում ծառայել են Կարեն Պարունակյանի նման։ Ի վերջո, նրան նախանձող մարդիկ հասցրեցին նրան, որ նա հրաժարական տվեց և չէր պատկերացնում իր կյանքն առանց այդ աշխատանքի: Մի քանի ամիս անց նա մահացավ։ Շատ սպաներ հիմա հեռացել են և լուռ անհանգստանում են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Հայրենիքի հետ»,- նշել է Մինասյանը։

Գիրքը պատմում է Թուրքիայի ներկայիս գործող արտգործնախարար Հաքան Ֆիդանի կերպարի մասին, որը երկար տարիներ գլխավորել է թուրքական հետախուզությունը։ Մինասյանի խոսքով՝ թե հայ, թե ռուս ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ այդ մարդու կյանքի մասին, քանի որ նրա կենսագրությունն ինքնին արտասովոր է։ Իր գրքում Մինասյանը նշում է, որ Ֆիդանը արտաքին քաղաքական աշխատանքի սկզբունքորեն նոր մոդել է կառուցել՝ միավորելով հետախուզությունն ու դիվանագիտությունը։

«Ֆիդանը գիտի հետախուզության տեղը, գիտի դիվանագիտության տեղը, և անցնելով ԱԳՆ-ում աշխատելու, փաստորեն Թուրքիայի ԱԳՆ-ն դարձրել է հետախուզության կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը։

Նա դուրս է գալիս հանրային տարածք, ելույթ է ունենում, ունի դասախոսի հռետորական շնորհ, լսարանի հետ աշխատելու ունակություն։ Դրան գումարած՝ հետախուզական աշխատանքի փորձառություն. հանդիպման է գնում՝ նախապես ուսումնասիրելով զրուցակցի հոգեբանական դիմանկարը: Սա հետախուզության և դիվանագիտության սինթեզ է, որը նա անվանում է «հետախուզական դիվանագիտություն», — ասել է Մինասյանը։

Նրա կարծիքով՝ Ֆիդանի քրդական արմատները, նրա հետևողականությունը, Արևմուտքի հետ կապերը և Էրդողանի վստահությունը նրան դարձնում են Թուրքիայի ապագա առաջնորդի դերի գլխավոր թեկնածուներից մեկը՝ հատկապես թուրքական հասարակության ներկայիս պառակտման ֆոնին։

«Նա կարող է լինել Էրդողանի իրավահաջորդների կարճ ցուցակում առաջին կամ երկրորդ տեղում, քանի որ և՛ ընդդիմությունը, և՛ էլիտաների մի մասը կարող են պայմանավորվել նման ֆիգուրի շուրջ՝ համակարգային, չափավոր, փորձով, միջազգային կապերով։ Նա Էրդողանի նման փողոցային քաղաքական գործիչ չէ: Ֆիդանը վերլուծաբան է, մենեջեր, գումարած՝ էթնիկ քուրդ: Իսկ դա կարող է ապահովել քրդական ընտրազանգվածի ձայները։ Նա ներկայացվում է որպես ավանդույթի շարունակող․ասում են, որ նախապապը սուլթանի հետախուզության ղեկավարն էր, ծառայում էր մեծ կայսրությանը: Դա միավորող կերպար է և իսլամիստների, և ազգայնականների համար»,- հավելել է Մինասյանը։

Գրքի հեղինակն ընդգծել է, որ, չնայած «տեխնոկրատի» կերպարին, Ֆիդանը բացարձակապես հավատարիմ է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գաղափարական գծին։

«Նա աշխատում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած ողջ քաղաքականությանը համահունչ։ Անկախ իշխանափոխությունից՝ Հայաստանը համարվում է թշնամի։ Նա հաստատ ոչ հայամետ է, այլ մինչև հիմքը թուրքամետ։ Սա զուտ քաղաքական դիրքորոշում չէ, դա նրա մտածելակերպն է։ Նա հոր կողմից քուրդ է, մոր կողմից՝ թուրք, բայց Հայաստանի հարցում նա բացարձակապես թուրքական պարադիգմ է։

Եվ, ցավոք, դա պետք է հասկանալ և ընդունել որպես փաստ։ Գրքի առաջին գլխում, որտեղ պատմվում է նրա ընտանիքի մասին, մի քանի անգամ նշվում է, որ նրա հարազատներն ինչ-որ սերնդում պատկանել են քրդերի ջոկատներին, որոնք թուրքերի հետ կռվել են հայերի դեմ»,- ասել է Մինասյանը։

Վերջում գրքի հեղինակը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Մհեր Սիմոնյանին, ինչպես նաև «Դիալոգ» հասարակական կազմակերպության ղեկավար և համանուն գրքաշարի հեղինակ Յուրի Նավոյանին՝ գրքի հրատարակման գործում ցուցաբերած աջակցության համար։

«Նույնիսկ հանճարեղ միտքը կարող է պարզապես միտք մնալ, եթե չստանա հովանավորություն և չհրապարակվի»,- ընդգծել է Մինասյանը։