Գևորգ Նալբանդյան․ Եթովպական կայսրության օրհներգի հեղինակը
18 Նոյեմբերի 2024, 23:40
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Գևորգ Նալբանդյանը կոմպոզիտոր և դիրիժոր է, Եթովպական կայսրության պետական օրհներգի հեղինակը: Նրա ծննդյան թվականն անհայտ է։
Գևորգ Նալբանդյանը ծնվել է Այնթապ քաղաքում։ Նա եղել է երաժշտության ուսուցիչ և խմբավար սկզբում հայրենի քաղաքում, ապա՝ Քիլիսում։
Հայոց ցեղասպանության ժամանակ Նալբանդյանը արտաքսվել է Սիրիա։ 1924 թվականին Գևորգ Նալբանդյանը տեղափոխվել է Երուսաղեմ և տեղի Հայոց պատրիարքարանի մանկատան սաներից ստեղծել է երաժշտական խումբ։
Մի քանի ամիս անց, նույն տարում, Երուսաղեմ է այցելել Եթովպիայի գահի խնամակալ Հայլե Սըլլասեն և ներկա գտնվել Գևորգ Նալբանդյանի ղեկավարած երաժշտախմբի ելույթին։ Նույն թվականին նրա հրավերով նվագախումբն իր ղեկավարի հետ տեղափոխվել է Ադիս Աբեբա՝ Եթովպիայում դառնալով եվրոպական ոճի առաջին փողային անսամբլը։
Նվագախմբի երգացանկը, որը նվագում էր պաշտոնական միջոցառումների ժամանակ, ներառում էր երթեր, օտարերկրյա պետությունների օրհներգեր, ինչպես նաև արիաներ ֆրանսիական հանրաճանաչ օպերետներից։ Բացի այդ, նվագախումբը կատարում էր Նալբանդյանի գործիքավորմամբ «եթովպական երգեր»։
1926 թվականին Եթովպիայի գահակալ Հայլե Սըլլասեն Գևորգ Նալբանդյանին պատվիրել է գրել Եթովպական կայսրության ազգային օրհներգը։ Երաժիշտը կատարել է պատվերը՝ ստեղծագործությունն անվանելով «Թեֆերի մարշ, Իթյոպյա հոյ», որ նշանակում է «Երջանիկ եղիր, Եթովպիա»։ Հանրության առաջ օրհներգն առաջին անգամ կատարվում է 1930 թվականի նոյեմբերի 2-ին, Հայլե Սըլլասեի կայսր թագադրվելու օրը։
Եթովպիայի իտալական օկուպացիայի ժամանակ աքսորվել է Էրիթրեա։ Սակայն Եթովպիայի ազատագրումից հետո ղեկավարել է զինվորական հոգևոր նվագախմբեր, ունեցել է կապիտանի կոչում։
1946 թվականին Գևորգ Նալբադյանը նշանակվել է Ադիս Աբեբայի մունիցիպալիտետին կից երաժշտության և թատրոնի զարգացման դեպարտամենտի տնօրեն։
Գևորգ Նալբանդյանը կյանքից հեռացել է 1963 թվականին։