Գևորգ Վարդանյանը փայլուն հետախույզ էր և իսկական հայրենասեր․ Սերգեյ Նարիշկին
Մոսկվայում փետրվարի 16-19-ը անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակին:
Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ, որից հետո «Տապան» թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես:
Մի քանի օր անընդմեջ անցկացվող հիշատակի միջոցառումները կազմակերպել էին «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, «Երկխոսություն» հասարակական կազմակերպությունը, Երևանի «Ռուսական գրքի տունը» և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը:
Խորհրդային «Գարնան 17 ակնթարթ» բազմասերիանոց կինոնկարի հայտնի երգի հնչյունների ներքո մեկնարկել է «Ակնթարթներ…» հիշատակի երեկոն։
Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվել է տեսանյութ, որտեղ Վարդանյանն ինքն է պատմում իր և իր ծառայության մասին: Երեկոյի երաժշտական մասը բաղկացած էր խորհրդային հայտնի երգերից՝ Ստուպինսկի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի մենակատարների կատարմամբ:
Երեկոյի հաղորդավար, ԽՍՀՄ պետական հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար Աննա Շատիլովան ընթերցել է պատմություններ սովետական հետախուզողի կյանքի կարևոր իրադարձությունների մասին:
Միջոցառման կարևոր մասը նվիրված էր Գևորգ և Գոհար Վարդանյանների՝ որպես սիրող ամուսինների մասին պատմությանը, որոնց ամուսնությունը տևել է ավելի քան 60 տարի, որի մեծ մասը նրանք նվիրել են Խորհրդային Միությանը ծառայելուն։
Միջոցառման մասնակիցներին ուղերձով դիմել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա Վարդանյանին բնորոշել է որպես փայլուն հետախույզ, իսկական հայրենասեր և հայրենիքի շահերին նվիրված մարդ։
«Կարելի է անվերջ նկարագրել Գևորգ Անդրեևիչի կյանքի ուղին, քանի որ Գոհար Լևոնովնայի հետ իրենց աշխատանքում նրանք հասել են աննախադեպ բարձունքների՝ դառնալով անօրինական հետախույզների ամենաարդյունավետ զույգը»,- նշել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը: