«Գիշատիչների խնջույքը» կրկին արցախյան բեմում է

25 Օգոստոսի 2023, 14:40

Մշակույթ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում ներկայացվել է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրած «Գիշատիչների խնջույքը» հոգեբանական դրաման՝ ըստ Վահե Քաչայի համանուն վեպի: Ստեղծագործությունը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում ապրող ընկերների ու դժվար իրավիճակում՝ մարդկային որակները պահելու դժվարությունների մասին:

Թատրոնը երկրորդ անգամ է անդրադառնում այս ստեղծագործությանը։ Առաջին անգամ այն բեմադրվել է 1988թ-ին՝ Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին օրերին, երբ կանգնած էինք լինել-չլինելու խնդրի առջև։

«Այս անգամ ներկայացումը բեմադրվում է շրջափակման օրերին, երբ սոցիալական, քաղաքական և հոգեբանական ծանր կացության մեջ հայտնված ժողովուրդը պետք է ընտրություն կատարի և մնա իր կոչման բարձրության վրա։ Դարձյալ լինել-չլինելու հարցն է։ Մենք՝ արցախցիներս, այսօր ևս հայտնվել ենք էքստրեմալ պայմաններում, ծանր կացության մեջ ենք։ Եվ, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես կհաղթահարի այս փորձությունն ու ինչպես կդրսևորի իրեն, կախված է նրանից, թե որքանով է ամուր մեր բարոյական կողմնացույցը»,- artsakhtert-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական-գեղարվեստական մասի վարիչ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանը։