«Գիշերային ժամերին ավտոմատից կրակում են». Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում ադրբեջանական կրակոցներ են լսվում
10 Ապրիլի 2025, 15:19
Վերջին 4 շաբաթվա Բաքվի ապատեղեկատվության ֆոնին, թե իբր հայկական կողմը կրակում է իրենց դիրքերիի ուղղությամբ, նախ սահմանամերձ Սյունիքից, հիմա նաև Տավուշի և Գեղարքունիքի մարզերից ահազանգում են ադրբեջանական կրակոցների մասին, որոնք լսելի են հայկական բնակավայրերում:
«Վերջին շրջանում միշտ լսվում են ադրբեջանական կրակոցներ, այս գիշեր էլ լսվել են դրանք: Երեկոյան 22:20-ին, կեսգիշերն անց՝ 03:00-ին լսվել են այդ կրակոցները՝ կարճ ինտենսիվությամբ: Սովորական ավտոմատի կրակոցներ են եղել, նշանառություն չի եղել, ձայնն ենք լսել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը:
Այս գիշեր ադրբեջանական կրակոցներ լսվել են նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում: Վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցի ձայները եղել են ոչ ինտենսիվ, դրանք հնչել են նաև 3 օր առաջ:
«Այդ կրակոցները կոնկրետ նշանառություն չունեն, ձայնն ենք լսել, որ մի վնաս չի եղել գյուղին: Կրակոցները եղել են փոքր տրամաչափից, դրանք հնչել են գիշերային ժամերին: Չեմ կարող ասել՝ դրանք հայկական դիրքերի ուղղությամբ են եղե՞լ, թե՞ ոչ»,- նշեց Արմեն Փոլադյանը:
Ադրբեջանի ԶՈւ-երի կրակոցների ձայներ լսվել են նաև Գեղարքունիքի մարզում:
«Վարդենիսին սահմանակից տարբեր բնակավայրերից մարդիկ ասում են, որ կրակոցներ պարբերաբար լինում են: Դրանք հնչում են երեկոյան ու գիշերային ժամերին: Խոշոր տրամաչափի զենք չի կիրառվում, հրաձգային զինատեսակներից են կրակոցները: Սոթքի, Կութի, Կուտականի ու Կոխական գյուղերից են լսել այդ ձայները: Այդ կրակոցները բնակավայրերի ուղղությամբ չեն եղել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք՝ ՊՆ-ն մարտի 16-ից սկսած հերքում է ադրբեջանական սուտը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այդ շրջանում Սյունիքից ահազանգել էին, որ սահմանամերձ Խնածախում և Խոզնավարում լսվում են ադրբեջանական կրակոցներ: Իսկ արդեն մարտի 31-ին ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
Ապրիլի 7-ին Պաշտպանության նախարարությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան ասել էր, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։
«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,- ասել էին պաշտպանական գերատեսչությունից: