Գիշերը Սյունիքում և Տավուշում ադրբեջանական կրակոցներ են լսվել

11 Ապրիլի 2025, 12:28

Քաղաքականություն

Ադրբեջանական զինուժը շարունակում է կրակոցներ արձակել, որոնք լսելի են հայկական սահմանամերձ բնակավայրերում: Այս գիշեր ևսՍյունիքի և Տավուշի մարզերում լսվել են ադրբեջանական կրակոցներ:

«Կրակոցները եղել են ոչ ինտենսիվ, դրանք կարճ էին տևում և նշանառություն չկար, ձայներն ենք միայն լսել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը:

Սյունիքի սահմանամերձ Խնածախ և Խոզնավար գյուղերում ևս գիշերը լսվել են ադրբեջանական կրակոցները: Դրանք հնչել են երեկոյան ու գիշերային ժամերին, կրկին եղել են ոչ ինտենսիվ և առանց նշանառության:

«Կրակոցները լսվել են երեկոյան 22:20-ին, մի քանի հատ կրակոց էր, կրակել են նաև գիշերային ժամերին, օդ են կրակում»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն մարտի 16-ից սկսած հերքում է ադրբեջանական մեղադրանքները, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ՊՆ-ն այսօր էլ հերքել է Բաքվի ապատեղակատվությունը, թե իբր հայկական ԶՈՒ-երը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

3 շաբաթ է, ինչ Սյունիքից ահազանգում են, որ սահմանամերձ Խնածախում և Խոզնավարում լսվում են ադրբեջանական կրակոցներ: Իսկ արդեն մարտի 31-ին ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Մի քանի օր է՝ ադրբեջանական կրակոցներ լսվում են նաև սահմանամերձ Տավուշում և Գեղարքունիքում:

Ապրիլի 7-ին Պաշտպանության նախարարությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան ասել էր, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։