Գլենդելում արգելվել է աշխատողների թոշակների գումարները ներդնել ադրբեջանական բիզնեսներում․ Լյուսի Վարպետյան
03 Սեպտեմբերի 2024, 22:00
Գլենդելի քաղաքային խորհուրդը արգելել է իր աշխատողների թոշակների գումարները ներդնել ադրբեջանական բիզնեսներում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Իրավաբանների միության նախագահ Լյուսի Վարպետյանը:
«Գլենդելի քաղաքային խորհուրդը վերջերս որոշում է կայացրել, որ պետք է կապ հաստատի California Public Employees’ Retirement System ֆոնդի հետ, որտեղ կուտակվում են Գլենդելի բոլոր աշխատողների թոշակները և պահանջի, որ քաղաքի աշխատող թոշակառուների գումարները չներդրվեն ադրբեջանական բիզնեսներում: CalPERS-ի ընդհանուր ֆոնդը կազմում է մոտ կես տրիլիոն դոլար, որից 170 մլն-ը փոխանցվում է ադրբեջանական բիզնսներին: Ադրբեջանի պետության հետ ուղիղ կապ ունեցող բիզնեսները 5-ն են՝ SOCAR-ը, ադրբեջանական բանկերը, OL Company-ները»,- նշել է Վարպետյանը:
Ըստ նրա՝ նման ներդրումները Գլենդելի ներդրումային քաղաքականությանը դեմ են:
«Քանի որ Գլենդելն ունի մեծաթիվ հայ բնակչություն, Մարտունի քաղաքի հետ քույր քաղաքներ են, ստացվում է՝ այս ներդրումները Գլենդելի ներդրումային քաղաքականության դեմ են: Այս հարցը պետք է քննարկվի և լուծվի: Եթե Գլենդելի նման մի քանի քաղաքներ միանան այս որոշմանը և դիմեն CalPERS-ին, ապա մոտ ապագայում կհասնենք նրան, որ CalPERS-ը կդադարեցնի համագործակցությունն Ադրբեջանի հետ»,- եզրափակել է Վարպետյանը: