Գլենդելում նշվել է Համբարձման տոնը

23 Մայիսի 2023, 11:25

Հայեր

Մայիսի 18-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում Արևմտյան թեմը հանդիսավորությամբ նշեց Քրիստոսի համբարձման տոնը։ Այս առիթով Արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տոնոյանը նախագահեց Գլենդելի Սբ. Աստվածածին եկեղեցու Համբարձման հոգևոր արարողությունը, իր կողքին ունենալով թեմի հոգևորականների դասը: Արարողությունից հետո առաջնորդ սրբազանը և բազմաթիվ հյուրեր Գլենդելի սրահներից մեկում ներկա գտնվեցին Ազգային առաջնորդարանի Տիկնանց օժանդակ մարմնի կազմակերպած սիրո սեղանին՝ հյուրընկալությամբ Ազգային առաջնորդարանի բարերար Նվեր Սամուելյանի:

Հավաքույթին Թորգոմ եպիսկոպոսը վերապատմեց Համբարձման տոնը և շնորհավորեց ներկաներին քրիստոնեական կարևոր տոնի առիթով։ Ապա եպիսկոպոսը շնորհավորեց սրահում ներկա կանանց մայիսի 14-ի՝ Մայրերի օրվա առթիվ՝ գնահատանքի խոսքեր ուղղելով Տիկնանց մարմնի անդամներին, բարձր գնահատելով հայուհիների մայրական, մարդկային և մարդասիրական առաքինությունները։ 

Նա գովասանքի խոսքեր հնչեցրեց նաև Նվեր Սամուելյանի հասցեին՝ նրան նվիրելով Ազգային առաջնորդարանի կողմից պատրաստված հուշանվեր։