Գլոբալիստ դեմոկրատների վրա հույս դրած հետխորհրդային երկրների էլիտան պարտվեց. Գեորգի Ասատրյան

21 Փետրվարի 2025, 22:45

Քաղաքականություն

Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի գիտաշխատող, «Միջազգային գործերի ռուսական խորհրդի» փորձագետ Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից, և ինչպես դա կանդրադառնա միջազգային ասպարեզում:

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կիսում այն դիրքորոշումները, որոնք ունեն գլոբալիստները, ուստի ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Ինչպես ասում են բանակցող կողմերը, առայժմ ամեն ինչ դրական է ընթանում։ Շատ բան, իհարկե, կախված կլինի երկու երկրների առաջնորդների հանդիպումից։ Ռուսաստանում, մեծ հաշվով, առաջնագծում ամեն ինչ կարգին է, իսկ տնտեսությունը կայունացել է, կա մոտ 4 տոկոս տնտեսական աճ։ Ասիայի, Աֆրիկայի, Արևելքի երկրների հետ ամեն ինչ բավականին դրական է։ Ուստի այս բանակցային գործընթացը սկսել են ամերիկացիները, ուզում են որոշակի առաջարկ անել, ռուսական կողմը լսում է նրանց, ինչ-որ բանի հետ համաձայն է, ինչ-որ բանի հետ՝ ոչ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես և ուր կգնա այս ամենը։

Թրամփը չի կիսում այն դիրքորոշումները, որոնք ունի լիբերալ գլոբալիզմը՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը։Սրանք նրա հիմնական թշնամիներն են։ Արևմտյան կոալիցիան՝ արևմտյան երկրների համայնքը, միասնական չէ։ Կա լիբերալ գլոբալիստների ցանց, որը ստեղծվել է տասնամյակների ընթացքում, շատ հզոր ցանց, որը ներկայացված է երկրների ղեկավարների կողմից: Այստեղ Մակրոնը (Ֆրանսիայի նախագահը) նման էլիտար խմբի ներկայացուցչի վառ օրինակ է։

Դոնալդ Թրամփը պահպանողական է, նա այդ գաղափարների կողմնակից չէ, այլ հակառակը՝ հակառակորդ։ Նա բացարձակապես չի կիսում դրանք և փորձում է կառուցել իր ռազմավարությունը, աշխարհի իր տեսլականը։ Նա հզոր դաշնակիցներ ունի ԱՄՆ-ի ներսում և դրսում, այդ թվում՝ Եվրոպայում։ Այդ առումով ԱՄՆ-ի ներսում մի տեսակ սառը, քաղաքացիական առճակատում է ընթանում»,- ասել է Ասատրյանը։

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառ չեն տեսնում։

«Թրամփն ի սկզբանե, երբ այդ հակամարտությունը սկսվում էր, դեմ էր դրան, քանի որ նրանք չեն հավատում Ուկրաինայի առասպելական հաղթանակին, նրանք պատճառ չեն տեսնում, որ գլոբալ Արևմուտքն աջակցի Ուկրաինային այս հակամարտությունում։ Իսկ Թրամփը բազմիցս հայտարարել է այդ ամենը, դա նրանց բացահայտ դիրքորոշումն է։

Իսկապես, նրանք Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառ չեն տեսնում։ Նրանք Բայդենի (ԱՄՆ նախկին նախագահ) և Ուկրաինայի դեմոկրատների աջակցությամբ այս ամբողջ պատմությունը համարում են բացարձակապես անիմաստ քաղաքական քայլ։ Նրանք կարող են նույնիսկ տեսականորեն ճանաչել Ռուսաստանի ազդեցության գոտին հետխորհրդային տարածքում։ Նրանք մոտ են դասական նեոռեալիստներին, որոնք համակրում են Ռուսաստանին և այլ ուժեղ պահպանողական երկրներին։

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական մրցակցությանը, ապա ոչ ոք այն չի չեղարկել։ Ոչ ոք չի ասում, որ նրանք ընկերներ կամ մտերիմ գործընկերներ են: Բայց ուկրաինական այս գործը նրանք տեսնում են որպես բացարձակապես ձախողված պատմություն: Իսկ Թրամփը միայն վերջերս է հայտարարել, որ դա զուտ փողի պատճառով է։ Սա լվացքի մեծ գրասենյակ է, որտեղ հարյուրավոր միլիարդավոր դոլարներ են գնում ԱՄՆ բյուջեից: Թրամփի և նրա շրջապատի գլխավոր թշնամին, ինձ թվում է, լիբերալ գլոբալիստներն ու դեմոկրատներն են»,- նշել է Ասատրյանը։

Փորձագետի կարծիքով՝ հետխորհրդային երկրների էլիտաները, որոնք խաղադրույք էին կատարում գլոբալիստ դեմոկրատների վրա, պարտվել են։

«Այդ երկրների քաղաքական էլիտաները պարտվել են, քանի որ նրանք չեն կարողացել որակապես վերլուծել միջազգային օրակարգը, իրավիճակը, և ընդհանուր առմամբ նրանց ոչ այնքան պայծառ ապագա է սպասվում, քանի որ Թրամփը վստահորեն հաղթել է, նա գիտի, թե որ էլիտաներն են իրեն աջակցել, իսկ որոնք՝ ոչ։ Ստացվում է այնպես, որ հիմա Սպիտակ տան ղեկավարը հեռարձակում է այն գաղափարները, այն թեզերը, որոնք վերջին երեք տարիների ընթացքում հեռարձակել Է Ռուսաստանը։Ես նկատել եմ եւ շարունակում եմ ինչ-որ չափով հետևել, որ ԱՊՀ որոշ երկրներ այդ թեզերը ծաղրել են, և հիմա դրանք հայտնվել են կոտրած տաշտակի առջև, եւ սկզբունքորեն նրանց սպասվում է ոչ այնքան խոստումնալից քաղաքական ապագա»,- եզրափակել է Ասատրյանը։