Գնդակը Հայաստանի դաշտում է, Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից. Գայդա

02 Հոկտեմբերի 2023, 22:30

Քաղաքականություն

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դոցենտ Ֆյոդոր Գայդան Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ փոխել պայմանագրային որեւէ հարաբերություն։ Այս փոփոխությունները նախատեսված են Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից։

«Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից և չի ծրագրում հեռանալ, և դրա համար որևէ պատճառ չկա։ Փաստն այն է, որ կա երկու պետություն՝ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնց Ռուսաստանը ճանաչում է, և որտեղ Ռուսաստանը ռազմակայաններ ունի։ Այս ռազմակայանները գտնվում են Թբիլիսիին շատ մոտ և դրանով իսկ, ապահովում են ռուսական քաղաքական և ռազմական ներկայությունը Անդրկովկասում։

Բայց, մեկ այլ բան է, որ հիմա մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես են կառուցվելու Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները։ Եվ դա մեծապես կախված կլինի Հայաստանից, նույնիսկ կասեի, որ այդ հարաբերությունների հնարավոր փոփոխության հիմնական նախաձեռնողը կլինի Հայաստանը, որովհետեւ Ռուսաստանը չի նախատեսում որեւէ պայմանագրային հարաբերություն փոխել։ Այդ փոփոխությունները ստանձնում է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, և այդ հարաբերությունները, ինչպես հայտնի է, չեն ներառել Ղարաբաղը։ Սա բոլորովին այլ իրավիճակ է։

Ինքը՝ Հայաստանը, ինչպես հայտնի է, պաշտոնապես չճանաչեց Լեռնային Ղարաբաղը` որպես պետություն և հայտարարեց, որ այդ տարածքը Ադրբեջանի տարածքն է։ Ըստ էության, միջազգային իրավիճակի համաձայն, նույն դիրքորոշումն ուներ Ռուսաստանը։

Ըստ այդմ, նախորդ պատերազմից հետո, ի վերջո, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները հանգեցրին նրան, որ Ղարաբաղն իրականում բաժանված է ազդեցության երկու գոտիների։ Հարավային հատվածը գնաց Ադրբեջանին, իսկ հյուսիսային մաս մտան ռուս խաղաղապահները, որոնք դեռ այնտեղ են։

Ուրիշ բան, որ նրանք այնտեղ են գնացել տեղի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ի՞նչ կլինի խաղաղապահների հետ, եթե տեղի հայ բնակչությունն ամբողջությամբ լքի Ղարաբաղը։ Ընդհանրապես, այժմ հարց է առաջանում, թե ինչպիսին կլինի խաղաղապահների հետագա կարգավիճակը, և ինչի շուրջ կպայմանավորվեն Ռուսաստանը և Ադրբեջանը:

Սակայն, ամենակարեւոր խնդիրը ռուս-հայկական հարաբերություններն են։

Եթե Հայաստանն ուզենա վերանայել դրանք, լավ, կվերակողմնորոշվի, ասենք, այս տարածաշրջանում շահեր ունեցող այլ ուժերի: Այստեղ հարց է առաջանում՝ լավ, Հայաստանի խնդրանքով, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանության խնդրանքով, Ռուսաստանը հեռանում է։ Իսկ իրականում ո՞վ է շարունակելու պաշտպանել Հայաստանը։ ԱՄՆ-ն, օրինակ, կպաշտպանի՞ Հայաստանին ՆԱՏՕ-ի իր դաշնակցից՝ ի դեմս Թուրքիայի և ի դեմս Ադրբեջանի, որը սերտորեն կապված է Թուրքիայի հետ։

Կպաշտպանի՞ Իրանը Հայաստանին, նույնպես լավ հարց է։ Իսկ Իրանը, ինչպես ինձ թվում է, այսպես թե այնպես, իր տարածաշրջանային քաղաքականությունը համակարգում է Ռուսաստանի հետ։ Ամեն դեպքում, և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին ձեռնտու է համակարգել այդ քաղաքականությունը։

Վերջին հաշվով, որքան էլ տարօրինակ թվա, հիմա գլխավոր խաղացողը, ում դաշտում է գնդակը, Հայաստանի իշխանությունն է»,- ընդգծել է Գայդան։