Գոհար Ղալաչյան․ հայ անվանի օպերային երգչուհին
26 Նոյեմբերի 2023, 10:00
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հայ անվանի օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գոհար Ղալաչյանը ծնվել է Երևանում 1924թ.-ի նոյեմբերի 21-ին: Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Տ. Կ. Շահնազարյանի դասարանով, իսկ 1952 թվականին տեղի է ունեցել նրա նորամուտը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:
Նա ընդգրկվել է թատրոնի լավագույն մենակատարների շարքում: Ղալաչյանը Մոսկվայում մասնակցել է հայկական արվեստի տասնօրյակին, ապա հրավիրվել ԽՍՀՄ Մեծ թատրոն։
Այստեղ երգչուհին ոչ միայն կատարելագործել է իր վարպետությունը՝ համագործակցելով խորհրդային օպերային արվեստի առաջատար վարպետների, ԽՍՀՄ ժողովրդական արտիստների՝ դիրիժոր Ա. Մելիք-Փաշաևի, ռեժիսոր Բ. Պոկրովսկու, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Վ. Դավիդովայի հետ, այլև հաջողությամբ երգել է «Ռիգոլետտո», «Բանկ-բան», «Իշխան Իգոր» և այլ ներկայացումներում։
Մեծ թատրոնի բեմում երիտասարդ Ղալաչյանի հաջողությունը Վերդիի «Աիդա» օպերայի Ամներիս պարտիան էր: Շատերը պնդում են, որ ձայնի գեղեցկությամբ Գոհար Ղալաչյանը Խորհրդային Միության լավագույն Մեցցո-սոպրանոներից է։ 1960 թվականից Ղալաչյանը առաջատար դիրք է զբաղեցրել Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ կատարելով համաշխարհային և ազգային օպերային խաղացանկի բարդագույն պարտիաները:
Գոհարը հյուրախաղերով հանդես է եկել ոչ միայն Մոսկվայում, Լենինգրադում, Ռիգայում, Տալլինում, Ալմա-Աթայում, Սվերդլովսկում, այլև ջերմ ընդունելության է արժանացել Ռումինիայում, ԳԴՀ-ում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: