Գործնականում առաջընթաց չկա, հետեւաբար՝ բանակցություններն արդյունավետ չէին. Հակոբ Բադալյան

30 Հունիսի 2023, 17:25

Քաղաքականություն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններն ընդհանուր առմամբ արդյունավետ չեն եղել: Alpha News-ի հետ զրույցում Հակոբ Բադալյանը դժվարանում է ասել, թե որ հարցերի շուրջ են հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցները համաձայնություն հասել, բայց ենթադրում է, որ հետագա աշխատանք պահանջող հարցերը վերաբերում են արցախահայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը եւ սահմանագծման ու սահմանազատման հարցերին:

«Այս հարցերի շուրջ տարաձայնությունների մասին Երեւանը բարձրաձայնել է դեռեւս նախորդ փուլից, կարծում եմ՝ առ այսօր հենց այդ հարցերն են մնում չհամաձայնեցված, բայց հենց դրանք են սկզբունքային հարցերը: Մեղմ ասած՝ բարդ է պատկերացնել խաղաղության պայմանագրի շուրջ որեւէ կայուն համաձայնություն, եթե չկա դիրքորոշումների մերձեցում այս հարցերում»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Ամերիկյան կողմի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի 27-ից 29-ը բանակցություններ էին վարում Վաշինգտոնում: Հայկական կողմի փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ, բայց մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամփոփելով հայ-ադրբեջանական բանակցությունները՝ նշել էր, որ դրանցում առաջընթաց կա, սակայն վերջնական համաձայնության հասնելու շատ աշխատանք կա:

Հակոբ Բադալյանը կարծում է, որ առաջընթացի մասին խոսակցությունները նպատակ ունեն են տեղեկատվական դաշտում ցույց տալ, որ բանակցությունները տապալված չեն:

«Այսպիսի ձգտումներ ունեն բոլոր միջնորդները: Թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում տեղի ունեցած բանակցություններից հետո մշտապես խոսվել է ինչ-որ առաջընթացի մասին, բայց մենք տեսնում ենք, որ գործնականում առաջընթաց չկա, հետեւաբար, չենք կարող արդյունավետ համարել այս բանակցությունները: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. այսպիսի պրոցեսներում լուծվում են նաեւ այլ հարցեր, օրինակ՝ էսկալացիա թույլ չտալու առումով նման հանդիպումները միշտ ունեն որոշակի նշանակություն, եւ եթե նպաստում են գոնե այդ հարցին, ապա առնվազն այդ առումով բանակցություններն արդյունավետ կարող են համարվել, բայց կրկնում եմ՝ դա օպերատիվ խնդիրների լուծման տեսանկյունից, իսկ հակամարտության կարգավորման, խաղաղության հաստատման հարցերում ես այս կամ այն ձեւաչափերով ընթացող բանակցությունների արդյունավետություն չեմ տեսնում»,- ընդգծեց Հակոբ Բադալյանը:

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների ժամանակ՝ հունիսի 28-ի գիշերն Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սպանվել էր 4 հայ զինծառայող:

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն էր ընդունել, որով պահանջում էր դադարեցնել Վաշինգտոնում մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցությունները, քանի դեռ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններում հրադադար չի հաստատվել, հակառակ պարագայում, ըստ Արցախի խորհրդարանի, բանակցությունները շարունակելը կնշանակի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի խրախուսում:

Չնայած Արցախի խորհրդարանի այս հայտարարությանը, հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվեցին: Հավելենք, որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը բացահայտել էր, թե վաշինգտոնյան բանակցություններում որ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ:

«Կողմերը համաձայնության չեն եկել այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական սահմանագծի հստակեցման, զորքերի հետքաշման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխիքների համար երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը»,-ասել էր Կոստանյանը: