Գորիսի թատրոնի «Վերջին ծաղրածուն» բեմադրությունը ցուցադրվել է Երևանում

22 Մայիսի 2023, 12:19

Բոլոր | Մշակույթ

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մայիսի 21-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացրեց ժամանակակից դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» բեմադրությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ բեմադրության հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է, որն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր՝ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» պիեսը գրվել է քսան տարի առաջ:

t322.jpg (320 KB)

Ղազանչյանը վաղուց է ցանկացել բեմադրել այն, ժամանակ առ ժամանակ անդրադարձել է այդ ստեղծագործությանը, սակայն ամեն անգամ ինչ-որ հանգամանք խանգարել է:

«Սամվել Խալաթյանը գրել է, որ պիեսի գործողությունները կատարվում են բոլոր ժամանակներում: Իրոք այդպես է: Այս ստեղծագործությունը կարող է բոլոր ժամանակներում արդիական լինել, որովհետև բոլոր ժամանակներում կա իշխանության և նրանց զուգահեռ քայլող ծաղրածուների խնդիրը:

Ծաղրածու ասելով՝ մտածում ենք կոմիկի մասին, սակայն այստեղ ծաղրածուն լուրջ կերպար է»,-ընդգծել էր Ղազանչյանը:

Հակոբ Ղազանչյանը երբեք կոնկրետ ժամանակաշրջանի կամ կոնկրետ մարդկանց մասին չի բեմադրում: Անում է այն, ինչն արդիական ու հավերժական է համարում:

«Ինձ համար բեմադրական միջոցները՝ լինի էկրան, պար և այլն, ինքնանպատակ չեն: Եթե ստացվում է, եթե կա անհրաժեշտություն ու դրանով ավելի կհարստանա ներկայացումը կամ տվյալ տեսարանը, դիմում եմ տարբեր լուծումների»,-շեշտել էր ռեժիսորը:

tt22.jpg (235 KB)

Ներկայացման երաժշտությունը գրել է Վահե Հայրապետյանը: Մեկ գործողությամբ տրագիկոմեդիայում զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանը, Սաթիկ Հախնազարյանը, դերասաններ Հայկ Մնացականյանը, Թեհմինա Աբրահամյանը, Հարութ Բադիրյանն ու Միքայել Մաշուրյանը: