Գուրգեն Մադոյանը մեկնաբանել է Եվրոպական խաղերում տարած առաջին հաղթանակը

26 Հունիսի 2023, 00:22

Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը Եվրոպական խաղերում առաջին հաղթանակը տանելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Հեշտ մենամարտ չէր: Մրցակիցս աշխարհի առաջնությունում ավելի բարձր քաշային կարգում էր մրցում. ավելի խոշորամարմին ու բարձրահասակ էր: Ընդհանուր առմամբ, գոհ եմ մենամարտից, քանի որ բոլոր ռաունդներում առավելությունն իմ կողմն էր ու հաղթեցի չոր հաշվով»,- ասում է բռնցքամարտիկն ու խոստովանում՝  ժամանակից շուտ կանխատեսումներ անել կամ սպասելիքներից խոսել չի սիրում, այդուհանդերձ պայքարելու է հնարավորինս հեռուն գնալու համար:

Տաշքենդում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Մադոյանին մի փոքր չհերիքեց կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ նվաճելու համար: Մարզիկը պատասխանել է նաև այն հարցին, թե ի՞նչ դասեր է քաղել աշխարհի առաջնությունից:

«Անկեղծ ասած, չեմ համարում, թե պարտվել եմ, քանի որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մենամարտը՝ Մոնղոլիայի ներկայացուցչի հետ, միանգամայն իմ կողմն էր: Հասկացա, որ պարզապես պետք է ավելի լավ հաղթեց»,- եզրափակում է Մադոյանը:

Գուրգեն Մադոյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում հունիսի 27-ին կմենամարտի Էստոնիայի ներկայացուցչի հետ: