Գուրգեն Մուսինյանց. Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտի հիմնադիրներից մեկը

28 Մայիսի 2024, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 28-ը ականավոր կոնստրուկտոր և գիտնական Գուրգեն Մուսինյանցի ծննդյան օրն է։

Գուրգեն Մուսինյանցը ծնվել է Երևանում, գինեգործ Մկրտիչ Մուսինյանցի ընտանիքում։ Ավարտել է Երևանի վարժարանը, իսկ ավելի ուշ ընդունվել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: Գուրգեն Մուսինյանցը լեգենդար գիտնական, հիդրո և աերոդինամիկայի հիմնադիր Նիկոլայ Ժուկովսկու աշակերտն էր։

1918 թվականից Մուսինյանցն աշխատել է Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտում, որտեղ ղեկավարել է մի շարք գիտական ստորաբաժանումներ։ Նա կատարելագործել և ստեղծել է չափիչ ու աերոդինամիկ սարքեր, ստեղծել աշխարհում լավագույն աերոդինամիկ կշեռքը։

Հենց Մուսինյանցը դարձավ մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում «Նոր Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտի» ստեղծողներից մեկը, գիտնականը նույնիսկ ԽՍՀՄ կառավարության նիստում զեկուցեց «Նոր Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտի» կառուցման մասին, որտեղ ներկա էր նաև Ստալինը։

Կառավարությունն այնքան գոհ էր կատարված աշխատանքից, որ որոշում կայացրեց ինստիտուտին հետագայում էլ ֆինանսավորել։ Գուրգեն Մուսինյանցը նաև արժանացել է տեխնիկական գիտությունների դոկտորի և պրոֆեսորի կոչման:

Գիտնականը կյանքից հեռացել է 1967թ. մայիսի 2-ին: Թաղված է Մոսկվայում՝ Դոնսկոե գերեզմանատանը։