Գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերություններ․ Վիգեն Հակոբյան

07 Դեկտեմբերի 2024, 12:25

Քաղաքականություն

Մալթայում, որտեղ տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստը, շփում են ունեցել Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները։ Թե ինչ են քննարկել կողմերը ու ինչ խոսել, թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

«Սա հեթական պրոտոկոլային ինչ-որ հանդիպում էր ոտքի վրա, ինչպես ասում են՝ կուլիսների հետևում կամ միջանցքներում։ Չեմ կարծում, որ Հայաստանն ու Թուրքիան որևէ բանի մասին առհասարակ երկխոսում են, որովհետև Թուրքիան մի քանի անգամ հասկացրել է Հայաստանի իշխանություններին՝ մենք տարբեր քաշային կատեգորիաներում ենք, ձեր հիմնական պարտնիորը կարող է լինել առայժմ միայն Ադրբեջանը, այն էլ որոշակի վերապահումներով։

Այն պահից հետո, երբ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը կլուծեք և կբավարարեք բոլոր պահանջները, երբ Ադրբեջանից կստանանք այդ հավաստիացումը, որ ամեն ինչ լավ է, միայն այդ ժամանակ Թուրքիան կսկսի Հայաստանի հետ լրջորեն խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Թուրքիայի ղեկավարության վերաբերմունքը Հայաստանի ղեկավարների նկատմամբ դրա վառ ապացույցն է»,- ասել է մեր զրուցակիցը։

Քաղտեխնոլոգը հիշեցրել է, թե դիվանագիտական ասպարեզում ինչպես էին նվաստացրել Նիկոլ Փաշինյանին Թուրքիայում ու ԱՄՆ-ում՝ թուրքական տանը։

«Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը, նրան երկրորդ շարքում էին նստեցրել՝ Ալիևի մեջքի հետևում, դա դիվանագիտական նվաստացման ժեստ էր։ Մյուս հանդիպումը Նյու Յորքում էր, որտեղ թուրքական տանը Նիկոլ Փաշինյանը գիրք նվեր ստացավ։ Միայն այն, որ այդպիսի գիրք են նվիրում, արդեն իսկ դիվանագիտական հզոր ապտակ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն էլ ցույց է տալիս, որ իր քաղաքական նոր հորն է հանդիպել»,- ասել է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերություններ։

«Հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ ուղղակի արարողակարգային էր, ոչ ավելին։ Գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերություններ»,- եզրափակել է Վիգեն Հակոբյանը։