«Գոյ»-ը մեր տունն է, և մենք մեր տունը չենք վաճառում. Արթուր Սահակյան
Հայաստանի ներկա իշխանությունը փորձում է մեր թատերական օջախը կործանել, և դա նրան հաջողվում է՝ կործանելով արդեն թվով 3-րդ թատրոնը: Նրանք, իհարկե մի օր հեռանալու են, բայց այն ամենը, ինչ արել են, չի մոռացվելու: Այս մասին Apha News-ի ուղիղ եթերում ասել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:
«Մեր թատրոնը կատեգորիկ չի միանում Սունդուկյանի թատրոնին, քանի որ ունենք մեր միավորումը, որի տակ աշխատում ենք: Թատրոնները միացնելու որոշումը շատ անձնավորված է և սրա մեջ կա վիրավորանք, բայց եթե դիմացդ ոչնչություն է դուրս գալիս, ապա պետք է նրան ասել, որ դու ոչնչություն ես: Մենք նաև կարծում ենք, որ «Գոյ»-ը լուծարելու և մայր թատրոնին միացնելու որոշումը պատվեր է, և այն մարդիկ, որոնց հետ մենք ուղղակիորն առնչվում ենք այս հարցի շուրջ, ընդամենը կատարողներ են: Անուններ դեռ չեմ հնչեցնի, բայց պատվիրատուն քաղաքական գործչի կին է: Իհարկե, չգիտենք, թե ինչու հենց «Գոյ»-ը, բայց պահանջում ենք օրենքի գերակայություն, որ կարողանանք պաշտպանել մեր իրավունքները: Այս իրավիճակում խաթարվում է թե՛ մեր քաղաքացիական իրավունքը, թե՛ ստեղծագործելու իրավունքը»,- նշել է Սահակյանը:
Նա վստահեցնում է՝ նմանատիպ քայլերը երկիրը քիչ-քիչ տանում են կործանման, որին ինքն անձամբ դեմ է:
««Գոյ» թատրոնի և մայր թատրոնի միավորումն անհամատեղելի է, չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք գործել համատեղ: Միավորման արդյունքում աշխատանքից ազատվում է ողջ ստեղծագործական կազմը: Ամեն դեպքում, մենք գնալու ենք մինչև վերջ: «Գոյ»-ը մեր տունն է և մենք մեր տունը չենք վաճառում ու չենք հանում աճուրդի»,- եզրափակել է Սահակյանը: