Գրիգոր Ղազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 Հուլիսի 2025, 16:55

Սպորտ

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Պոկում վարժությունում երրորդ մոտեցմամբ (148 կգ) Ղազարյանը սահմանել է պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ: Պոկում վարժության արդյունքում հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրել է 180 կգ կշռող ծանրաձողը սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրել է նաև սեփական ռեկորդը հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է:

Ավելի վաղ՝ 2025-ի մայիսին Ղազարյանը հանդես գալով 96 կգ քաշային կարգում, ոսկե մեդալ էր նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 330 կգ (145+185 կգ) արդյունք: Առանձին վարժություններում ևս Ղազարյանն արժանացել էր ոսկե մեդալներին:

Հիմա եթերում