Գրիգորի Գաբրիելյանցի «Ղարաբաղ. Հիշողության էջեր» գրքի շնորհանդեսը՝ Մոսկվայի «Տապան» թանգարանում
27 Հոկտեմբերի 2025, 23:30
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ Առաքելական եկեղեցու թեմի Տաճարային համալիրի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հայտնի գիտնական, երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար և հասարակական գործիչ Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի «Ղարաբաղ. Հիշողության էջեր» գրքի շնորհանդեսը:
Հարուստ պատկերազարդ աշխատանքում ժամանակագրական կարգով նկարագրված են Ղարաբաղի երկրամասի հողերում տեղի ունեցած պատմական իրադարձությունները։ Տարեգրություններում և հեղինակավոր հանրագիտարաններում արձանագրված պատմական իրադարձություններն ու փաստերն ուղեկցվում են անտիկ հեղինակների, հայ, պարսիկ, արաբ և այլ հնագույն պատմաբանների, ինչպես նաև տարբեր երկրների ժամանակակից գիտնականների ու պատմաբանների աշխատություններից քաղվածքներով (հղումներով դեպի աղբյուրները)։ Հիշատակվում են նաև մի շարք ադրբեջանցի հեղինակների աշխատանքներ։
Գրիգորի Գաբրիելյանցը՝ Լեռնային Ղարաբաղի Ապագա սերունդների հիմնադրամի ստեղծողը և ղեկավարը, որը հայտնի է իր բարերարությամբ և բարեգործական գործունեությամբ, ձգտում է անել ամեն ինչ, որպեսզի Արցախը մոռացության չմատնվի։ Պատմական անցյալի դասերը պետք է ամրապնդեն հավատը դեպի ապագան։


