Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը

11 Նոյեմբերի 2023, 11:25

Քաղաքականություն

Բրյուսելում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով հանդիպմանը Բրյուսելում։

«Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ Հայաստանը պատրաստ է։ Երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմը պետք է համաձայն լինեն։ Առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, այդ հանդիպումը տեղի կունենա»,- շեշտել է Գրիգորյանը։

Անդրադառնալով ռուսական կողմից պարբերաբար հնչող հրավերներին՝ թե իրենք պատրաստ են բանակցությունների համար Մոսկվայում կողմերին հարթակ տրամադրել, Գրիգորյանը պատասխանել է, թե նման հրավերներից տեղյակ չէ։