Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում աջակցել է Արաս Օզբիլիսին

19 Դեկտեմբերի 2023, 23:00

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում աջակցել է Արաս Օզբիլիսին:

«Հայկական սպորտի սիրելի ընկերներ և երկրպագուներ, այսօր ես ուզում եմ խոսել մեր ամենասիրելի մարզաձևի մասին՝ ֆուտբոլի մասին, իհարկե, շախմատից հետո։ Ինչպես շատերը, ես նույնպես հետևում եմ մարզական իրադարձություններին, մեր մարզական թիմերի խաղերին և գիտեմ, որ շուտով տեղի են ունենալու ՀՖՖ նախագահի ընտրությունները:

Ես կարծում եմ, որ հիմա մենք հնարավորություն ունենք ընտրելու այնպիսի մարդու, ով երկար տարիներ խաղացել է հավաքականի կազմում, խաղացել է այլ, շատ ուժեղ թիմերում և իրեն դրսևորել է որպես հիանալի մարզիկ և պրոֆեսիոնալ։ Եվ այդ պատճառով ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք և կկարողանանք աջակցել Արաս Օզբիլիսին նրա ճանապարհին՝ մեր սպորտը զարգացնելու համար», — ասել է Լևոն Արոնյանն իր տեսաուղերձում: