Գրողն ընդդեմ լռության․ Ֆրանց Վերֆելը և հայկական ողբերգությունը

10 Սեպտեմբերի 2025, 22:30

Հայեր

Ֆրանց Վերֆելն ավստրիացի ականավոր գրող է, հումանիստ և եվրոպացի առաջին մտավորականներից մեկը, ով աշխարհին հայտնեց Հայոց ցեղասպանության մասին։

Վերֆելը ծնվել է 1890 թ. սեպտեմբերի 10-ին Պրահայում՝ հրեա գործարանատիրոջ ընտանիքում: Վաղ տարիքից դրսևորել է գրական տաղանդ, եղել է հայտնի «Պրահայի խմբակ»-ի անդամ, մտերիմ է եղել Ֆրանց Կաֆկայի և Մաքս Բրոդի հետ։ Նրա բանաստեղծական ժողովածուներն ու դրամատուրգիան նրան էքսպրեսիոնիստի համբավ են բերել, իսկ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցությունն ամրապնդել է նրա համոզմունքը մարդկային եղբայրության գաղափարի վերաբերյալ:

Վերֆելի առանցքային ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում եղել է 1915 թ. իրական իրադարձությունների հիման վրա գրված «Մուսա լեռան քառասուն օրը» (1934 թ.) վեպը, որտեղ նկարագրված է Կիլիկիայի շրջանի հայ բնակիչների հերոսական պաշտպանությունը, որոնք հրաժարվել են ենթարկվել տարհանման հրամանին և բարձրացել են Մուսա լեռ, որտեղ 53 օր շարունակ դիմագրավել են թուրքական զորքերի հարձակումներին: Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, մամուլի նյութեր և արխիվներ, ինչպես նաև անձամբ ուսումնասիրել է հայկական մշակույթն ու կրոնն՝ աշխատելով Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում։

Վեպը դարձել է միջազգային իրադարձություն․ այն ճանաչվել է տարվա լավագույն ստեղծագործություն, թարգմանվել ավելի քան 20 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, և առաջացրել է կարեկցանքի ալիք հայ ժողովրդի նկատմամբ։ Թուրքիայում գիրքն արգելվել է, իսկ հայկական սփյուռքում այն ընկալվել է որպես պատմական արդարության դրսևորում։ Վերֆելը ոչ միայն պատմել է ողբերգության մասին, այլև այն վերածել դիմադրության ու արժանապատվության խորհրդանիշի։

Նացիստների իշխանության գալուց հետո Վերֆելը, որպես հրեա, ստիպված էր արտագաղթել։ Վերֆելը մահացել է աքսորում՝ 1945 թ. օգոստոսի 26-ին ԱՄՆ Բևեռլի Հիլզ քաղաքում։ Նրա աճյունը հետագայում տեղափոխվել է Վիեննա և թաղվել երախտապարտ հայերի նախաձեռնությամբ։

Ֆրանց Վերֆելը հավերժ մնաց հայ ժողովրդի հիշողության մեջ։ Նրա վեպը պարզապես գրականություն չէ, այլ բարոյական մանիֆեստ, որը կարևոր դեր է խաղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ընկալման գործում։