Գրոզնիից մինչև Հոլիվուդ. Միխայիլ Վարդանովի ստեղծագործական ուղին
27 Նոյեմբերի 2024, 23:58
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Միխայիլ Վարդանովը ծնվել է 1937թ-ին Գրոզնի քաղաքում։ Մինչև բուհ ընդունվելն աշխատել է որպես լուսանկարիչ և պլակատիստ: 1965թ.ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, այնուհետև աշխատել Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում որպես ռեժիսոր և օպերատոր:
Որպես բեմադրող օպերատոր՝ Վարդանովը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, ինչպիսիք են Գենադի Մելքոնյանի «Թթենին» և Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» սև-սպիտակ ժապավենը: Իսկ «Փարաջանով. վերջին գարուն» ֆիլմում Միխայիլ Վարդանովը հանդես է եկել որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Ի դեպ, Վարդանովը Փարաջանովի մտերիմ ընկերն էր։
1990-ականներին Միխայիլ Վարդանովը տեղափոխվել է ԱՄՆ, ապրել և աշխատել Հոլիվուդում։
Նա համարվում է վավերագրական կինոյի վարպետ, ով նշանակալի ներդրում է ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆում: Հոլիվուդում հիմնադրվել է Սերգեյ Փարաջանովի և Միխայիլ Վարդանովի անվան ինստիտուտը՝ նրանց ստեղծագործություններն ուսումնասիրելու և հանրահռչակելու համար: Վարդանովը ավելի քան 50 վավերագրական ֆիլմերի հեղինակ կամ համահեղինակ է և դարձել է Բևերլի Հիլզի և Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոների հաղթող:
Միխայիլ Վարդանովը կյանքից հեռացել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին: